ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2021 թվականի պաշտպանական բյուջեի նախագծին, որում պարունակվում են ընդլայնված պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կողմ է քվեարկել 295 կոնգրեսական, դեմ՝ 125:
Արդեն գործող սահմանափակումներն ուղղված են ընկերությունների, որոնք զբաղվում են խողովակներ անցկացնելու գործունեությամբ, եւ դրան մասնակցող ապահովագրական ընկերությունների: Նոր նախագծում դրանք խստացվում են. սահմանափակումները տարածվում են ընկերությունների վրա «վաճառքին, վարձակալմանը նպաստելու կամ գազատարի շինարարության նպատակով խողովակներ անցկացնող նավեր տրամադրելու համար»: Փոփոխությունը նաեւ նախատեսում է պատժամիջոցներ «ապահովագրություն եւ վերապահովագրում տրամադրելու» եւ «նավերի տեխնիկական արդիականացման» նպատակով ծառայություններ կամ շենքեր տրամադրելու համար:
Սա բյուջեի նախագծերից մեկն է: Երկրորդն առաջարկել է Սենատը: Սովորաբար նախագծերը սկզբում քննարկում են պալատներում, այնուհետեւ դրանք մեկի մեջ է ամփոփում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված համաձայնության հանձնաժողովը: Այս փաստաթուղթն էլ փոխանցում են նախագահին ստորագրելու համար:
«Հյուսիսային հոսք-2»-ը Բալթիկ ծովով Ռուսաստանից Եվրոպա կառուցվող նոր արտահանման գազատար է: Ծովի ջուր մտնելու կետը Լենինգրադի մարզին Ուստ Լուգի շրջանում է, ելքի կետը՝ Գերմանիայի տարածքում Գրայսվալդի շրջանում:
Երթուղու երկարաությունն ավելի քան 1,2 հազար կիլոմետր է: «Հյուսիսային հոսք-2»-ի երկու ճյուղերի ընդհանուր հզորությունը տարեկան 55 մլրդ խոր.մետր գազ է: «Հյուսիսային հոսք»-ի եւ «Հյուսիսային հոսք-2»-ի ընդհանուր նախագծային հզորությունը կազմում է տարեկան 110 մլրդ խոր.մետր:
Նախագծի դեմ ակտիվորեն հանդես է գալիս ԱՄՆ-ն, որը ԵՄ-ում առաջ է մղում իր հեղուկ բնական գազը, ինչպես նաեւ Ուկրաինան, Լեհաստանը եւ Մերձբալթիկայի երկրները:





























