Իսրայելի ոստիկանությունը կենտրոնական Երուսաղեմում ցուցարարներին ցրելու համար ջրցաններ է օգտագործել եւ ձերբակալել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ակցիաների առնվազն 55 մասնակցի, փոխանցում է AP-ն:

Վերջին շաբաթներին իսրայելցիներն անցկացրել են ցույցերի շարք՝ Նեթանյահուի հրաժարականի կոչով:

Իսրայելի վարչապետի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան սկսվել է նախօրեին երեկոյան եւ նախապես հիմնականում խաղաղ է եղել: Մոտակայքում ընթանում էր Նեթանյահուի աջակցության հանրահավաքը, երկու ճամբարները բաժանված էին մետաղական բարիկադներով եւ մեծ թվով ոստիկաններով:

Ոստիկանները սկսել են ցուցարարներին ցրել այն ժամանակ, երբ  նրանք փորձել են քաղաքում երթ կազմակերպել: Ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ: