Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Շըրնաք նահանգում գտնվող Քաթո լեռան վրա պատսպարված քուրդ զինյալների դեմ թուրքական զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 13-երեկոյան սկսած ռազմական գործողությունները շարունակվում են ռազմական Kobra տիպի ուղղաթիռներով, որոնք գնդակոծում են քուրդ զինյալների հավանական թաքստոցները: Միեւնույն ժամանակ բախման վայր են նետվել թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներ:

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ միեւնույն ժամանակ քուրդ զինյալները նույն օրը զինված հարձակում են գործել Շըրնաքի Ուլուդերե շրջանում գտնվող ռազմական բազաների դեմ:  

Ականատեսների վկայությամբ՝ ռազմական ուղղաթիռները բազայից տեղափոխել են վիրավորներին եւ մահացածների դիակները: