Երեւանում այսօր` մայիսի 14-ին ժամը 10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում դիակ կա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ, գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Սասուն Եղիազարյանը, ավագ քննիչ Մեսրոպ Մանասյանն ու դատական բժիշկը:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի փրկարարները, ովքեր ջրամբարից հանել են դիակը: Մահացածը կին է, ում տարիքը դեռ պարզ չէ:
Նրա ձեռքերն ու ոտքերը կապած էր քարով, գլխին տոպրակ էր քաշված, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ հարուցվի սպանության հատկանիշներով:
Այս պահին դիակը տեղափոխում են դիահերձարան, որտեղ դատական փորձաքննությունից հետո պարզ կդառնան մահվան հանգամանքները:
Ոստիկանության Արաբկիրի աշխատակիցները ունեն լուրջ կասկածներ, որ հայտնաբերված դիակը նախորդ տարի դեկտեմբերի 13-ին անհայտ կորած Մարինե Գալստյանն է, ով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս է եղել: Սակայն վերջնական պատասխանը կտրվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Դասախոսի հարազատները բնակարանը գտել էին խառնած վիճակում՝ իրերն այս եւ այն կողմ նետած: Նա դեկտեմբերի 13-ի առավոտյան դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարի նույն ջրամբարում ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները հայտնաբերել էին Երեւանի մի քանի փոխանակման կետերից եւ հիմնարկ-ձեռնարկություններից գողացած չհրկիզվող պահարանները:














Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























