Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներն արդեն հիմա թույլ են տալիս որոշակի եզրակացություններ կատարել հանրապետության տնտեսության մեջ ստեղծված վիճակի վերաբերյալ: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը:

Հայաստանի տնտեսության զարգացման վերլուծություն եւ դինամիկայի համեմատություն անցկացնելու համար նա առաջարկեց համեմատել 2020 թվականի առաջին 6 ամիսների տվյալները նույն տարվա առաջին 5 ամիսների հետ: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է վերլուծել 1 ամսում տարբերությունը: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին մոտ է ՀՆԱ-ին: Եթե առաջին 5 ամիսներին մեզ մոտ եղել է 3,9 տոկոսով անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ապա 6 ամսում մենք արդեն գրանցել ենք 4,7 տոկոսով անկում: Այսինքն՝ անկման տեմպերը մեծանում են, եւ սա մեզ ամենաշատը մտահոգող հանգամանքն է: Մեկ ամսում անկումը կազմել է 0,8 տոկոս»,- պարզաբանեց Մինասյանը: