Քաղաքաշինության նախարարությունը եւ «Գլենդել Հիլզ» ընկերությունը համատեղ անդրադարձել են NEWS.am-ի «Ախուրյանում մտադիր են անօթեւան ընտանիքների համար շենք կառուցել գրունտային ջրերի վրա՞» հրապարակմանը, որտեղ նշվել է, որ «Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պետական բնակարանաշինությունը դեռ չսկսված դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ շինարարության համար հատկացված տարածքում առկա են գրունտային ջրեր»:
Համատեղ արձագանքում ասվում է.
«Ձեր կայքում 19.05.11թ. հրապարակված` «Ախուրյանում մտադիր են անօթեւան ընտանիքների համար շենք կառուցել գրունտային ջրերի վրա՞» հրապարակման մեջ տեղ են գտել անճշտություններ: Խնդրում ենք հրապարակել համապատասխան ճշտում:
Ախուրյան համայնքում բնակարանաշինությունն սկսելուց առաջ կառուցապատող կազմակերպությունը («Գլենդել Հիլզ» ՓԲԸ) շինարարության մեկնարկից առաջ պատվիրել է ինժեներա-երկրաբանական հետազոտություն: Համաձայն փորձագիտական եզրակացության, տարածքում 2.7-3 մետր խորության վրա առկա են գրունտային ջրեր, որոնք հոսող չեն եւ խոչընդոտ չեն շենքերի կառուցման համար: Բացի այդ, փորձագիտական եզրակացությունն արձանագրել է, որ շինարարության եւ կառուցվածքների շահագործման վրա ազդող երկրաբանական պրոցեսներ` սողանք, փլուզում եւ այլն չկան: Ախուրյան համայնքում բնակարանաշինության պետական ծրագիրը մեկնարկել է, ընթանում են հողային աշխատանքները: Այստեղ նախատեսվում է կառուցել 3 շենք, մոտ 105 բնակարան»:




























