Ադրբեջանական կողմը նախնական փուլում ցանկանում է հայկական զորքերի դուրսբերում Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններից, իսկ հաջորդ փուլերում` նաեւ մյուս շրջաններից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, «զորքերի շփման գծից դիպուկահարների դուրսբերման հարցը պետք է դիտարկվի օկուպացված տարածքներից հայկական զորքերը հանելու համատեքստում», գրում է SalamNews-ը:
«Հայերն ասում են` հանեք դիպուկահարներին: Այդ բառերը ծիծաղ են հարուցում: Դիպուկահարներն իրենք իրենց չեն եկել, որ նրանց հանեն: Գլխավոր հարցը` հայկական զորքերի առկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Մենք պետք է հասնենք հայկական զորքերի դուրսբերմանը որոշակի ժամանակացույցով հաստատված ծրագրով: Ուստի մենք քննարկումներ ենք տանում: Կամ մենք խաղաղ համաձայնագիր ենք կնքում, կամ էլ գնում ենք հակամարտության կարգավորման քայլ առ քայլ: Առաջին փուլում, իհարկե, հայկական զորքերը պետք է դուրսբերվեն օկուպացված տարածքներից: Հաջորդ փուլում պետք է ազատել 5 օկուպացված շրջանները»,- ասել է Մամեդյարովը:




























