Հայաստանում դիմակների պատճառով տուգանքները սանիտարահամաճարակային կանոնները պահպանելու բավականին արդյունավետ գործիք են: Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին:
Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե որքանով են արդարացված դիմակների բացակայության համար տուգանքները:
«Ի վերջո, շատ քաղաքացիներ անձնական զրույցներում բողոքում են դրանից»,- ասաց խորհրդարանականը:
Վարչապետը դրան հարցով պատասխանեց.
«Քանի՞ անգամ է պատգամավորն անձամբ մարդկանց դիմակ կրելու կոչ արել»:
Ընդ որում, ըստ նրա, այդ տուգանքներն ինքնանպատակ չեն:
«Ես ընդհանրապես չեմ հասկանում այս դիսկուրսը: Մենք ասում ենք՝ դիմակներ կրեք, որպեսզի համավարակը արագ հաղթահարվի, սահմանները բացվեն եւ բնականոն կյանքին վերադառնանք: Հիմա դուք ասում եք, որ պետք չէ տուգանել: Դուք երբեւէ դիմակ կրելու կոչ արե՞լ եք քաղաքացիներին: Պետք է, այնուամենայնիվ, արձանագրել, որ տուգանքը արդյունավետ գործիք է»,- ասաց Փաշինյանը:
Դրա հետ մեկտեղ նա հավելեց, որ Հայաստանում դիմակներ չկրելու տուգանքները թերեւս ամենացածրն են աշխարհում:
«Ուրիշ ոչ մի տեղ այդքան ցածր տուգանքներ չկան: Միեւնույն ժամանակ ոչ ոք ոչ մեկին չի ցանկանում հենց այնպես տուգանել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի դիմակի ռեժիմը ծանր բեռ չդառնա բնակչության սոցիալապես անապահով խավերի համար:
Այնուհետեւ հույզերի բռնկման պահին Փաշինյանը խոստովանեց, որ կորոնավիրուսի տարածման հենց սկզբից կառավարությունը պետք է ավելի կոշտ գործեր, եւ այդ ժամանակ, հավանաբար, շատ գործընթացներ այլ կլինեին:
Բայց Փաշինյանն այսքանով չբավարարվեց: Կառավարության ղեկավարը, ի հավելումն, պահանջեց, որ ուժայինները տուգանեն նաեւ պատգամավորներին, եթե հանկարծ նրանք առանց դիմակի լինեն։




























