Երեւանում այսօր` մայիսի 24-ի գիշերը ժամը 00:30-ի սահմաններում Վաղարշյան-Վիկտոր Համբարձումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Audi մակնիշի 06 ԼՍ 808 համարանիշի եւ BMW մակնիշի 25 ՏՕ153 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով, երկու ավտոմքենաներն էլ վնասվել են: Դեպքի վայրից «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել BMW-ի ուղեւոր 23-ամյա Էդգար Այվազյանը:

Դեպքի վայր էին ժամանել  Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Մինչ քննիչի ժամանումը, BMW-ից դուրս եկած ինչ-որ երիտասարդներ փորձում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտարվի տուգանային հրապարակ: Այդուհանդերձ, մեքենաները քննիչի հրահանգով տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Վթարի վայրում ականատեսները հայտնել են, որ BMW-ն վարել է «Մոնումենտցի Տոշ» մականունով հայտնի, մի քանի անգամ դատապարտված անձը:

Ի դեպ, նկարահանումների ժամանակ, BMW-ից դուրս եկած մի երիտասարդ փորձել է խոչընդոտել նկարահանման աշխատանքները եւ անգամ խլել լրագրողի ֆոտոխցիկը: Դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները կարողացել են կանխել այդ հարձակումը:

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի