ԵՄ երկրները համաձայնեցրել են Բելառուսի դեմ պատժամիջոցները` օգոստոսի սկզբին նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: https://www.bbc.com/russian Ըստ նրա` սահմանափակումները կանդրադառնան շուրջ 40 մարդու: Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգրկված չէ այդ ցուցակում: «Վաղը, գրավոր ընթացակարգի համաձայն, մենք կիրականացնենք պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ: Դուք գիտեք, որ սեղանին շուրջ 40 հոգանոց ցուցակ է դրված»,- ասել է նա ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ պատժամիջոցների ցուցակները նախապես պատրաստվել էին, իսկ դրանց հաստատման գրավոր ընթացակարգը զուտ տեխնիկական խնդիր է:
Բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի` պատժամիջոցների ցուցակում ներառելը կարող է խաթարել նրան բանակցային գործընթացում ներգրավելու ջանքերը: Եթե Բելառուսի նախագահը չկարողանա երկխոսություն հաստատել իր ժողովրդի հետ, ապագայում կարող են պատժամիջոցներ կիրառվել նաեւ նրա նկատմամբ, հավելել է Մակրոնը:
Լուկաշենկոն ԵՄ պատժամիջոցների տակ էր մինչ 2016 թվականը: Օգոստոսի վերջին ԵՄ երկրների ղեկավարները հայտարարեցին, որ Բելառուսի նախագահական ընտրությունները չեն համարում ազատ եւ չեն ճանաչում դրանց պաշտոնական արդյունքները: Նրանք կոչ արեցին նոր ընտրություններ անցկացնել եւ հանդես եկան իշխանության խաղաղ տարանցման օգտին: Սեպտեմբերի վերջին Կանադան եւ Միացյալ Թագավորությունը որոշում կայացրեցին անձնական պատժամիջոցներ կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ բելառուսական մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան նույնպես հրապարակել են իրենց պատժամիջոցների ցուցակները: Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել Մինսկում սեպտեմբերի 23-ին, որի մասին նախապես չէր հայտարարվել: Դրանից հետո շատ արեւմտյան երկրներ հայտարարեցին, որ չեն ճանաչում Լուկաշենկոյին` որպես Բելառուսի օրինական նախագահ:





























