Ֆինլանդիան տեղեկացրել է Եվրամիությունում գործընկերներին, որ վերականգնել է վերահսկողությունը ներքին սահմաններին եւ սկսել սահմանափակել մարդկանց ժամանումը ԵՄ այլ երկրներից, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Delfi-ն:
«Այժմ երկիր մուտք գործել կարող են միայն այն օտարերկրացիները, որոնք այդտեղ օրինական բնակվում են, սովորում կամ ճամփորդում են ընտանեկան գործերով, օրինակ, ժամանում են հարսանիքի, հուղարկավորության կամ այդօրինակ արարողությունների մասնակցելու համար: Անցակետերում պաշտոնատար անձինք կպարտադրեն ներկայացնել փաստաթղթեր, որոնք ապացուցում են այցելության նպատակը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում վերականգնվել է սահմանամերձ հսկողությունը Լիտվայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Բելգիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Դանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Մալթայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Սլովակիայի եւ Էստոնիայի հետ:





























