ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հանդիպել է Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնի առջեւ հավաքված իր կողմնակիցներին՝ ձեռքով թափահարելով ավտոմեքենայի պատուհանից։ Կադրերը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կադրերում երեւում է, որ ԱՄՆ առաջնորդի ավտոշարասյունն անցել է փակված փողոցով։ Թրամփը հավաքվածներին ողջունել է ձեռքով թափահարելով, սակայն մեքենայից չի իջել։ Նա բժշկական դիմակ է կրել, ինչպես եւ նրա հետ մեքենայի մեջ եղած մյուս մարդիկ։ Սպիտակ տանից հայտնել են, որ կարճ ուղեւորությունից հետո ավտոշարասյունը վերադարձել է Ուոլթեր Ռիդի անվան կենտրոնի տարածք։
Դրանից մի քանի րոպե առաջ Թրամփը հայտնել էր, որ մոտ ժամանակներս կարող է անձամբ ներկայանալ բժշկական կենտրոնի մոտ հավաքվող կողմնակիցներին։
«Կարծում եմ, որ մենք ոչ մեծ անակնկալ կանենք այն հոյակապ հայրենասերների համար, որոնք հավաքվել են փողոցում»,- ասել է նա տեսաուղերձում, որը հրապարկվել է նրա Twitter-յան էջում։ «Նրանք Թրամփին աջակցելու համար դրոշներ են պահել, եւ նրանք սիրում են իրենց հայրենիքը, այնպես որ՝ շուտով ոչ մեծ անսպասելի այց կկատարեմ»,- հավելել է ամերիկյան պետության ղեկավարը։
Թրամփը նաեւ ասել է, որ շատ բան իմացավ կորոնավիրուսային ինֆեկցիայի մասին, երբ անձամբ բախվեց այդ հիվանդությանը։ Ես դրա մասին իսկապես իմացա, երբ իմ վրա զգացի։ Սա իսկական դպրոց էր, այլ ոչ թե գրքերից ստացած տեղեկություններ, եւ ես դա պարզեցի, ես հիմա դա հասկանում եմ»,- ասել է նա։
Սա Թրամփի երկրորդ տեսաուղերձն է այն պահից ի վեր, երբ նրա մոտ կորոնավիրուս ախտորոշեցին։
Ուրբաթ լույս գիշերը ԱՄՆ նախագահը Twitter-ում հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ։ Ուրբաթ երեկոյան պետության ղեկավարը ժամանել էր Մերիլենդ նահանգ՝ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին պարզաբանել էր, որ Թրամփը նախազգուշական միջոցառման շրջանակում առաջիկա օրերը անցկացնելու է այդ բժշկական հաստատությունում՝ շարունակելով աշխատել այնտեղից։ Հոսպիտալ մեկնելուց առաջ ամերիկացի առաջնորդը Twitter-ում տեսաուղերձ էր հրապարակել, որում հացսատիացել էր, որ իր եւ Մելանյայի մոտ ամեն ինչ լավ է։
Վերջին օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ նախագահի օգնական Հոուփ Հիքսի, Թրամփի նախկին խորհրդական Քելիեն Քոնուեյի, երեք հանրապետական սենատորների, Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոնա Մաքդենիելի, Սպիտակ տան ղեկավարի նախընտրական արշավի մենեջեր Ուիլյամ Սթեփինի, Թրամփի անձնական օգնական Նիկ Լունայի, Սպիտակ տան մամուլի ծառայության 3 լրագրողի մոտ։





























