Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական խողովակներով Չինաստանին բողոք է հայտնել չինական կողմից Սենկակու (Դյաոյույդաո) կղզիներին նվիրված պաշտոնական համացանցային կայք ստեղծելու պատճառով, որում շեշտվում է, որ այդ կղզիները Չինաստանի տարածքն են։ Այս մասին պարբերաբար անցկացվող մամուլի ասուլիսում հայտնել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դիվանագիտական խողովակներով մենք բողոք ենք ուղարկել եւ կայքը հեռացնելու պահանջ»,- նշել է նա։ Կատոն ընդգծել է, որ Սենկակու կղզիները «պատմականորեն եւ միջազգային իրավունքի նորմերով» վաղնջական ճապոնական տարածք են։
Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ Սենկակու կղզիների շուրջ տարածքային վեճը սրվել է այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր մասնավոր տերերից կղզիները գնելու մասին։ Դրանից հետո Չինաստանում ընթացել են զանգվածային հակաճապոնական ցույցեր, որոնք ուղեկցվել են ավերածություններով։ Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես երթեւեկում են վիճելի կղզիների մերձակայքում եւ պարբերաբար ցուցադրաբար մտնում մերձափնյա գոտի։





























