ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով հիվանդանալուց հետո առաջին անգամ երկուշաբթի օրը սկսել է ակտիվորեն գրել Twitter-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առավոտյան նա մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում տեղադրել է 18 հաղորդագրություն:
Դրանք նվիրված են ֆոնդային բորսային, հարկերին, քվեարկության կոչերին, իսկ մեծ մասը բաղկացած է կարճ կարգախոսներից, ինչպիսիք են «Տիեզերական ուժեր. Քվեարկե՛ք», «Կրոնական ազատություններ. Քվեարկե՛ք », «Օրենք եւ կարգ. Քվեարկե՛ք»:
Թրամփին կորոնավիրուսով հոսպիտալացրել են հոկտեմբերի 2-ին: Հանգստյան օրերը նա անցկացրել է Վաշինգտոնի մերձակա ռազմական հիվանդանոցում, որտեղ սովորաբար կանոնավոր ստուգումներ է անցնում:
Այնտեղ նրան սկսել են փորձարարական ռեմդեսիվիր դեղամիջոց տալ, մինչ այդ, ըստ ABC News-ի, Սպիտակ տանը նրան թթվածին են տվել, քանի որ նախագահը շնչառական խնդիրներ է ունեցել: Կիրակի օրը բժիշկները հայտարարել են Թրամփի վիճակի բարելավման մասին եւ նախատեսում են երկուշաբթի նրան դուրս գրել:





























