Բիշքեկի կենտրոնում սկսվել է ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների ցրումը, որոնք համաձայն չեն Ղրղզստանի խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ցուցարարներին ցրելու համար օգտագործվում են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ: Իրավապահները զինված են վահաններով եւ մահակներով:

Ավելի վաղ Ղրղզստանի ՆԳՆ-ը ցուցարարներին կարգի էր հրավիրել ու պահանջել էր ցրվել: Փոխարենը, հավաքվածները շրջափակել են հարակից փողոցները եւ սկսել են գրոհել խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում է նաեւ երկրի նախագահի գրասենյակը: Մի քանի տասնյակ ցուցարարներ կոտրել են դարպասները եւ փորձել են մուտք գործել այն տարածք, որտեղ շարված է եղել պահակախումբը: Լսվել են կրակոցներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Չնայած երեկոյան ժամին, ցուցարարները չեն ցրվում, նրանց թիվը շարունակում է աճել: Ըստ ականատեսների, ցույցին մասնակցում է 5 հազար մարդ: Ակտիվիստները վանկարկում են «Ժեենբեկով, հեռացի՛ր»՝ փորձելով փակել մոտակա փողոցները:

Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ակցիային մասնակցում են նախորդ օրը խորհրդարանական ընտրություններին մասնակցած 16 կուսակցություններից 11-ի կողմնակիցները եւ համակիրները: Նրանք բանաձեւ են ստորագրել՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները:

Նախնական տվյալներով, ժամը 20: 00-ին, քվեարկության արդյունքները ձեռքով հաշվարկելուց հետո «Բիրիմդիկ» կուսակցությունը, որի կազմում է Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի եղբայր Ասիլբեկ Ժեենբեկովը, հավաքել է 25,98%:

«Հայրենիք Ղրղզստան» կուսակցությունը հավաքել է 24,56% ձայն: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, «Հայրենիք Ղրղզստան» կուսակցությունը ֆինանսավորվում է Ղրղզստանի Պետական մաքսային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Ռաիմբեկ Մատրայմովի կողմից, որի անունը կապված է փողերի լվացման, հանրապետությունից փողեր դուրս բերելու եւ Օշի շրջանով ապրանքներ տեղափոխելու հետ:

«Ղրղզստան» կուսակցությունը հավաքում է 8,96%, «Բութուն Ղրղզստանը»՝ 7,62%, «Մեկենչիլը»՝ 7,26%: Մնացած կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 7%-ի սահմանը:

Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում անցկացվել են երկրի խորհրդարանի ընտրություններ, որին մասնակցել են 16 քաղաքական կուսակցություններ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 56,5%: Ընտրությունների վերջնական արդյունքները նախատեսվում է հրապարակել ձայների ավտոմատ հաշվարկի ավարտից հետո 20 օրվա ընթացքում:

Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միանգամից հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները՝ ընտրական գործընթացների զանգվածային խախտումների եւ կեղծիքների պատճառով:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները եւ կրկնակի ընտրություններ հայտարարել: