Ղրղզստանի նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովն ասել է, որ երկրում իշխանության ապօրինի գրավման փորձ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անցած գիշեր որոշ քաղաքական ուժեր փորձեցին անօրինական կերպով գրավել պետական ​​իշխանությունը: Ընտրությունների արդյունքները որպես պատրվակ օգտագործելով` նրանք խախտեցին հասարակական կարգը»,- ասվում է նա հայտարարության մեջ:

Նախագահը շեշտել է, որ կրակ չբացելու հրաման է տվել:

«Ես իրավապահ մարմիններին  կարգադրել եմ կրակ չբացել եւ արյուն չթափել` որեւէ քաղաքացու կյանքը չվտանգելու համար: Մինչ այժմ մենք ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները` իրավիճակի սրումը կանխելու համար: Հանգստությունը պետության մեջ, հասարակության կայունությունն ավելի արժեքավոր են, քան ցանկացած պատգամավորական մանդատ»,- ասել է Ժեենբեկովը:

Ցուցարարները, նրա խոսքով, «խախտել են քաղաքացիների խաղաղ կյանքը». նրանք չեն ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ծեծել են բժիշկներին եւ վնասել շենքերը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ինքը ԿԸՀ-ին առաջարկել է հետաքննել ընտրություններում տեղի ունեցած խախտումները եւ անհրաժեշտության դեպքում չեղյալ հայտարարել դրանց արդյունքները: Նա դիմել է քաղաքական կուսակցությունների ղեկավարներին` իրենց համակիրներին հանգստացնելու համար, եւ խնդրել է երկրի բոլոր բնակիչներին խաղաղություն պահպանել եւ չտրվել սադրանքներին:

«Մեր երկրի խաղաղությունը եւ հասարակության անվտանգությունն ամենակարեւորն են: Ես բոլոր ուժերին կոչ եմ անում երկրի ճակատագիրը վեր դասել քաղաքական հավակնություններից եւ վերադառնալ իրավական դաշտ»,- եզրափակել է պետության ղեկավարը:

Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցելլ: Ըստ նախնական տվյալների` խորհրդարան չորս կուսակցություն է մտնում` իշխանամետ «Բիրիմդիկ» եւ «Մեքենիմ Կիրիգիզստան» եւ կենտրոնամետ «Կիրգիզստան» եւ «Բուտուն Կիրգիզստան» կուսակցությունները: Մնացածին չի հաջողվել հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը:

Նախօրեին խորհրդարան չանցած կուսակցությունների շուրջ երկու հազար կողմնակից հավաքվել էր Բիշքեկի կենտրոնական Ալա-Տու հրապարակում: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ երկրորդ քվեարկություն անցկացնել: Երեկոյան ուժայինները փորձեցին ցրել ցույցը, եւ բախումներ սկսվեցին: Առողջապահության նախարարության տվյալներով` 590 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է:

Գիշերը ցուցարարները ներխուժեցին Սպիտակ տուն, որտեղ գտնվում են խորհրդարանն ու նախագահի ադմինիստրացիան, այնուհետեւ շարժվել էին դեպի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի կողմ եւ կալանքից ազատեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: