ԱՄՆ ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիճակը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, դեռ կարող է խորանալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խնդիրն այն է, որ հիվանդությունը դեռեւս ամենավաղ փուլում չէ։ Գաղտնիք չէ, որ կլինիկական պատմություններում դեպքեր են հանդիպում, երբ 5-9 օր հետո մարդկանց մոտ տեղի է ունենում ռեւերսիա»,- երկուշաբթի CNN հեռուստաընկերության եթերում նախազգուշացրել է Ֆաուչին։ «Ռեւերսիան նշանակում է սխալ ուղղություն եւ տհաճությունների առաջացում»,- պարզաբանել է նա։
«Նման բան հազիվ թե տեղի ունենա, բայց անհրաժեշտ է, որ նրանք (ԱՄՆ նախագահին բուժող բժիշկները) աչալուրջ լինեն»,- շարունակել է Ֆաուչին՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոնից Սպիտակ տուն վերադառնալիս պետության ղեկավարը «շատ լավ տեսք ուներ»։
Գլխավոր վարակաբանը միանգամայն հնարավոր է համարել, որ Թրամփին օգնել է փորձարարական միջոցը, որը մշակվել է հակամարմինների հիմքի վրա։ Ֆաուչին հստակեցել է, որ իրեն թույլ չեն տվել մասնակցել ԱՄՆ նախագահի բուժմանը։
Թրամփը հոկտեմբերի 2-ի լույս գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նույն օրը ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ մնահանգ)։ Թրամփը կենտրոնից դուրս է գրվել երկուշաբթի եւ վերադարձել Սպիտակ տուն։ Նրան բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի առողջական վիճակը բժիշկներին թույլ է տալիս առանց վախենալու նրան հիվանդանոցից դուրս գրել։





























