Ղրղզստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները երկրի մայրաքաղաքում գրավել են կառավարության շենքը։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է կառավարության աշխատակազմի մի աշխատակից։

«Ցուցարարներից մի քանի տասնյակ մարդ գրավել են Կառավարության տունը եւ այնտեղից ոչ ոքի դուրս չեն թողնում»,- ասել է նա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ աշխատակազմի աշխատողները առավոտյան եկել են աշխատանքի, սակայն շենքը գրաված անձինք հրաժարվել են նրանց թույլ տալ գնալ իրենց աշխատանքային տեղերը։

Ավելի վաղ ցուցարարները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ տեղակայված է նաեւ երկրի ղեկավարի աշխատակազմը, մայրաքաղաքի քաղաքապետարանը եւ Գլխավոր դատախազությունը։ Երեքշաբթի իրենց հրաժարականի մասին են հայտարարել Իսիկ-Կուլ եւ Տալասկի մարզերի կառավարությունների լիազոր ներկայացուցիչները։

Ցուցարարների առաջնորդներն իրենց հայտարարել են ժամանակավոր ղեկավարներ եւ բաշխում են պետական պաշտոնները։ Մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օմուրբեկ Սուվանալիեւը իրեն հռչակել է Պետական ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնակատար, իսկ ՆԳՆ նախկին փոխնախարար Կուրսան Ասանովը դարձել է Բիշքեկի պարետի պաշտոնակատար։

Ղրղզստանի մայրաքաղաքում իշխանությունը փաստացի անցել է ցուցարարներին, որոնք արդեն քննչական մեկուսարաններից եւ ազատազրկման վայրերից ազատել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, ինչպես նաեւ մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչների։ Ընդ որում՝ ցուցարարները դեռեւս չեն հրապարակել իրենց իշխանության օրինականցմանը վերաբերող ծրագրերը։