ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ եւ ուշադիր հետեւում է այդ իրադարձությունների զարգացմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նշել է, որ Ղրղզստանի իշխանությունները իրավիճակի հետ կապված օգնության համար չեն դիմել ՀԱՊԿ-ին:

«Ղրղզական կողմը որեւէ դիմում չի ներկայացրել ՀԱՊԿ-ին: Մեր հերթին, համարում ենք, որ դա երկրի ներքին գործն է, վստահ ենք, որ Ղրղզստանը ինքնուրույն կհաղթահարի երկրում առաջացած խնդիրները»,-ասել է Զայնետդինովը:    

Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` խորհրդարան չորս կուսակցություն է մտնում` իշխանամետ «Բիրիմդիկ» եւ «Մեքենիմ Կիրիգիզստան» եւ կենտրոնամետ «Կիրգիզստան» եւ «Բուտուն Կիրգիզստան» կուսակցությունները: Մնացածին չի հաջողվել հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը:

Խորհրդարան չանցած կուսակցությունների շուրջ երկու հազար կողմնակից նախօրեին հավաքվել է Բիշքեկի կենտրոնական Ալա-Տու հրապարակում: Նրանք պահանջել են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ երկրորդ քվեարկություն անցկացնել: Երեկոյան ուժայինները փորձել են ցրել ցույցը, եւ բախումներ են սկսվել:

Գիշերը ցուցարարները ներխուժել են Սպիտակ տուն, որտեղ գտնվում են խորհրդարանն ու նախագահի վարչակազմը, այնուհետեւ շարժվել են դեպի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի կողմ եւ կալանքից ազատել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: Ցուցարարները կալանքից ազատել են նաեւ Ղրղզստանի նախկին վարչապետ Ժանտորո Սատըբալդիեւին:

Ղրղզստանի ՆԳՆ նախկին ղեկավար Քուրսան Ասանովը, ում դատապարտել էին Աթամբաեւի գործում հանցանշանները թաքցնելու մեջ, իրեն անվանել է Բիշքեկի պարետ: Նախկին պատգամավոր Ալմամբեթ Շըկմամատովը հայտարարել է, որ դարձել է գլխավոր դատախազի պաշտոնակատար եւ չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը թույլ է տվել արդյունքների չեղարկման հնարավորությունը: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ վիրավորվել է 590 մարդ, 1 մարդ զոհվել է: