Facebook Inc-ը եւ Twitter-ը միջոցներ են ձեռնարկել կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումների հետ կապված, որոնք խախտում են սոցիալական հարթակի ապատեղեկատվության կանոնները` կապված նրա այն ենթադրության հետ, որ COVID-19-ը նման է գրիպի:
Facebook-ը հեռացրել է գրառումը: «Մենք հեռացնում ենք COVID-19-ի լրջության մասին ոչ ճիշտ տեղեկատվությունը»,- Reuters-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:
Twitter-ն անջատել է Թրամփի նմանատիպ թվիթի ռեթվիթները եւ ավելացրել է նախազգուշական նշում, որ նա խախտել է «COVID-19-ի հետ կապված ապակողմնորոշիչ եւ հավանական վտանգավոր տեղեկատվության տարածման» կանոնները:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ԱՄՆ կենտրոնի գնահատականներով՝ 2019-2020 գրիպի սեզոնին ԱՄՆ-ում գրիպից 22 000 մարդ է մահացել: Այն ժամանակվանից, երբ այս տարվա սկզբին ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, երկրում մահացել է ավելի քան 210 000 մարդ, ինչը աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշն է:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Թրամփը, ով շարունակում է բուժում ստանալ կորոնավիրուսի դեմ, գրել է, որ կորոնավիրուսը «շատ ավելի քիչ մահացու է», քան սեզոնային գրիպը:





























