Հայաստանն ու Ադրբեջանը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում միասնական մոտեցում ունեն այդ կառույցի գլխավոր քարտուղարի հաստատման ձեւաչափի հարցում: Այդ մասին այսօր` մայիսի 25-ի ասուլիսում հայտարարեց Վեհաժողովում Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մասնավորապես` Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այն տարբերակի շուրջ, ըստ որի` Վեհաժողովի գլխավոր քարտուղարը պետք է ոչ թե ընտրվի ձայների մեծամասնության սկզբունքով, այլ նշանակվի ռոտացիոն կարգով:
Հատկանշական է, որ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշմանն ընդդիմանում են խոշոր պատվիրակություններ ունեցող Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան:
Ըստ Գ. Մինասյանի` հունիսի 30-ին Կիեւում կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվելու է նաեւ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Ներկայում Վեհաժողովը ղեկավարում է Ուկրաինայի ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինը: Խնդիրն այն է, որ անդամ երկրներն ունեն անհավասար ձայներ` դրանք բաշխված են ըստ անդամ երկրների բնակչության թվաքանակի: Ըստ այդմ` ամենախոշոր պատվիրակություններ ունեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան, իսկ ամենափոքր` Հայաստանը, Մոլդովան եւ Ալբանիան: Ըստ Գ. Մինասյանի` անցյալ շաբաթ Վեհաժողովի բյուրոյի նիստի ընթացքում Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան փորձել են համաձայնության գալ` միասնական թեկնածու առաջադրելու հարցում, ինչը հարուցել է մյուս պետությունների ներկայացուցիչների հակազդեցությունը: Փոքր պատվիրակություն ունեցող երկրների ներկայացուցիչները փորձում են փոփոխություն մտցնել Վեհաժողովի կանոնակարգում` գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն դարձնելու համար: Այդ դեպքում բոլոր անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը, հնարավորություն կստանան գլխավորելու այդ հեղինակավոր կառույցը, որի նստավայրը, ի դեպ, գտնվում է Ստանբուլում:
Ըստ Գ. Մինասյանի` Վեհաժողովում փոքր պատվիրակություն ունեցող երկրների ներկայացուցիչները նախազգուշացրել են խոշոր պետությունների ներկայացուցիչներին, որ նրանց թեկնածուներին չեն աջակցի, եթե գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն սկզբունքը չընդունվի:




























