ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արդեն առաջիկա երկուշաբթի վերադառնալ նախընտրական քարոզարշավի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցությանը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր է, որ Թրամփը երկուշաբթի ուղեւորվի Փենսիլվանիա, իսկ երեքշաբթի՝ Միչիգան։ Հստակեցվում է, որ այս ծրագիրը նախնական է եւ կարող է փոփոխվել։ Դրանից բացի, Թրամփը եւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը, ավելի վաղ կազմված ժամանակացույցի համաձայն, հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդա նահանգ) պետք է անցկացնեն նախընտրական հեռուստաբանավեճ։ 

Թրամփը հոկտեմբերի 2-ի լույս գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նույն օրը ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Բեթսեդ քաղաքում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ մնահանգ)։ Թրամփը կենտրոնից դուրս է գրվել երկուշաբթի։ Նրան բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի առողջական վիճակը բժիշկներին թույլ է տալիս առանց վախենալու նրան հիվանդանոցից դուրս գրել։

ԱՄՆ-ում հերթական համընդհանուր ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին։ Այդ օրը ընտրելու են երկրի նախագահ եւ փոխնախագահ, Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի բոլոր 435 անդամներին եւ Սենատի երրորդ մասին, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետների։