Հայաստանի Ազգային Ժողովը արտահերթ ընթացակարգով քննարկում է նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը` համաներում հայտարարելու վերաբերյալ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտնել է, թե այս համաներումը տարբերվում է նախորդ` 2009թ. հայտարարված համաներումից նրանով, որ համաներման ենթակա հանցագործությունների ցանկը մեծացել է: Բացի դրանից մինչեւ 10 տարի ազատազրկման ենթարկվածների նկատմամբ կկիրառվի պատժաչափի կրճատում: Լրիվ կազատվի 396 դատապարտյալ, 379-ի նկատմամբ պատժի կիրառումը մասամբ կնվազի, նախնական կալանքի տակ գտնվողներից 153 մարդ կազատվի, 195-ի նկատմամբ մասամբ կկիրառվի համաներումը:

Արդարադատության նախարարը նաեւ նշել է այն դեպքերը, որոնց վրա չի տարածվում համաներումը.

Ա.Երբ նշանակված պատժաչափը կրճատվել է նախագահի ներում շնորհելու մասին հրամանագրերի կամ ԱԺ-ի համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա:

Բ.Այն անձանց, որոնք պատժի կրելուց ազատվել են ՀՀ նախագահի ներում շնորհելու մասին հրամանագրի կամ ՀՀ ԱԺ-ի համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա

Գ.Այն անձանց, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ԱԺ-ի` համաներում հայտարարելու մասին որոշումներ հիման վրա, եւ այն անձանց, որոնք կրկին հանցագործությոն են կատարել, կամ դիտավորյալ են հանցագործություն են կատարել:

Համաներում չի կիրառվելու նաեւ հանցագործությունների` առանձնապես վտանգավորության դեպքում, այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը կամ որոնց գործը` վնասի հատուցման վերաբերյալ, առկա է վեճ եւ այլն:

Նշենք, որ սպասվելիք համաներումը 9-րդն է անկախ Հայաստանի պատմության ընթացքում: