Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում կանխատեսեց, որ 2012 թ. գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքում 5-6 քաղաքական ուժից ավելի չեն անցնի խորհրդարան: Գ. Մինասյանը, ընդհանուր առմամբ, կանխատեսեց «թեժ գարուն», թեեւ նման կանխատեսումներ անում է սովորաբար ընդդիմությունը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը` խորհրդարանական ընտրություններին գնալ առանձին ցուցակով, Գ. Մինասյանն ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ ինքնուրույն է որոշում ընտրության մասնակցելու ձեւաչափը: Նա առայժմ հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե հանրապետական կուսակցությունն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու ընտրությանը, ասելով, որ դեռ շատ ժամանակ կա: Նա ոչ բացառեց, ոչ էլ ժխտեց «Օրինաց երկիր»-Հանրապետական դաշինքի հնարավորությունը, սակայն հավելեց, որ ՕԵԿ-ն ունի լուրջ պոտենցիալ:

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, Գ. Մինասյանն ասաց, որ ոչ թե երկխոսություն է ընթանում, այլ փորձ է արվում հաստատել քաղաքակիրթ հարաբերություններ, քանի որ դա է զարգացման գրավականը ցանկացած երկրում: