Մոսկվան իսկապես շատ լրջորեն մտադիր է հասնել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանը։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը։
Շեշտելով այս կարգի հանդիպումների կարեւորությունը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ Սերգեյ Լավրովի խոսքը մատնանշում է Ապշերոնի պահվածքից Կրեմլի դժգոհությունը։ «Փաստացի խաղաղ բանկացություններն են տապալվում։ 10 ժամ տեւած համառ բանակցություններից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, Ադրբեջանը որոշ հատվածներում սկսեց լայնածավալ հարձակում։ Բնական է, որ նման կարգի դեմարշները, իսկ Բաքվի գործողություններն այլ կերպ անվանելն ուղղակի անհնար է, նաեւ սասանում են Ռուսաստանի հեղինակությունը՝ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան սասանում է ԱՄՆ հեղինակությունը։ Ստացվում է, որ այնտեղ հավաքվեցին, պարտավորություն ստանձնեցին, իսկ հիմա այն խախտում են։ Հենց այս պատճառով Լավրովի հռետորաբանության մեջ նկատում ենք շատ հետաքրքիր դինամիկա։ Նա ամենասկզբից ասել էր, որ մի քանի օր առաջ հարցերը քննարկել են ադրբեջանցի գործընկերոջ հետ, պայմանավորվել։ Իսկ հետո նախարարն ընդգծեց, որ խախտվում է հրադադարի ռեժիմը, պայմանավորվածություններն ամբողջությամբ ուժի մեջ չեն մտել, եւ քննարկումներ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, որին անվանեց ոչ թե գործընկեր, այլ հարեւան։ Աշխարհաքաղաքական տեսակետից սա փոխհարաբերությունների այլ կարգավիճակ է։ Եվ այս էվոլյուցիայի համար մեղավոր է առաջին հերթին Բաքուն ինքը եւ Անկարան, ինչպես նաեւ տարածաշրջան միջազգային ահաբեկիչներին ներգրավելու նրանց հանցավոր քաղաքականությունը»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։ Նա նաեւ կարեւորեց պաշտպանության նախարարությունների գծով շփումների մասին Սերգեյ Լավրովի նշածը։
«Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը նույնպես շատ կարեւոր կլինի մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- ամփոփեց Արցախի նախագահի խորհրդականը։





























