Հայաստանի նախագահ Սարգսյանի այցը հայկական գաղթօջախներ եւ քննարկումները Սփյուռքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատասխան քայլ էին Սփյուռքն ու ՀՀ իշխանությունը իրարից հեռացնելու Թուրքիայի փորձին: Այդ մասին հայտարարել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը՝ հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Նախագահ Սարգսյանի այցելությունը պետք է դիտարկել որպես դրական քայլ հետեւյալ համատեքստում, որ պաշտոնական Անկարան իր հայտարարություններում, գնահատելով Սփյուռքը, փորձել է ՀՀ իշխանություններին հեռացնել Սփյուռքից: Շուտով Թուրքիայում կբացվի Սփյուռքի նախարարություն, որի հիմնական գործառույթներից մեկը հայկական Սփյուռքի դեմ պայքարելն է: Նախագահ Սարգսյանի այցը Սփյուռքի գաղութներ եւ քննարկումները Սփյուռքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ պատասխան քայլ է Սփյուռքն ու ՀՀ իշխանությունը իրարից հեռացնելու Թուրքիայի փորձին»,- նշել է Քանդահարյանը:

Անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններին՝ սփյուռքահայ խմագիրը նկատել է, թե «կան մտահոգություններ։ Դրանք Թուրքիայի կողմից դրված հիմնական երեք նախապայմանային մոտեցումներն են, որոնք անուղղակի ձեւով, որոշ քողարկումներով՝ իրավաքաղաքական մեկնաբանություններով կարելի է տեսնել»:

«Դա Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է, եւ ցեղասպանության ճանաչումը՝ պատմական հարթության վրա քննարկումներ կատարող ենթահանձնաժողովի ստեղծման շրջանակներում: Սակայն այս քննարկումները` նախագահի կողմից ներկայացված բավականին մեծ քանակությամբ լուսաբանումներով եւ պարզաբանումներով, նաեւ մասնակիցների կողմից հնչեցված մտահոգություններով ու քննադատություններով, կարելի է բավական օգտակար համարել»,- նշել է «Ազդակի» խմբագիրը: