Իշխանությունները, հայտարարելով համաներում, ընդամենը մեկ խնդիր ունեն` դուր գալ միջազգային հանրությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 26-ին հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը:
«Միջազգային հանրությունը փողից զրկել է Հայաստանին, ուստի` իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ փողը կրկին ստանան: Ուրիշ բան այս իշխանություններին չի հետաքրքրում` միայն ու միայն իրենց իշխանությունը պահելն ու փող ստանալը»,-հայտարարեց Դանիելյանը: Նա նշեց, որ քաղբանտարկայլներին համաներմամբ ազատ արձակելու որոշումն ու այսպիսով քաղաքական մթնոլորտը լիցքաթափելը պարտադրված է դրսի կողմից, ովքեր զգուշացնում են, թե եթե դա չանեն, իրենց վիճակը վատ կլինի:
Ըստ Դանիելյանի` միջազգային ճնշումը չէր լինի, եթե չլիներ ներհայաստանյան ճնշումը: «Հայաստանի պատգամավորներն ընդհանրապես հասկանո՞ւմ են, թե ինչ են նշանակում Amnesty International-ի, Human Rights Watch-ի զեկույցները: Դրանք ուղղվում են բոլոր այն ֆինանսական ատյաններին, ովքեր Հայաստանին փող են հատկացնում: Նրանք էլ վերցնում են այդ զեկույցները, տեսնում, որ Հայաստանում վիճակը վատ է եւ փող ստացող երկրների ցանկում նրա առաջ մինուս են դնում»,-բացատրեց իրավապաշտպանը`հավելելով, որ Human Rights Watch-ի վրա շատ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:
Բոլոր դեպքերում, ըստ իրավապաշտպանի, լավ է, որ համաներում է հայտարարվել, քանի որ ահագին մարդիկ դուրս կգան բանտերից: Սակայն, ըստ նրա, բանտերի վիճակը չի թեթեւանա, առկա ՔԿՀ-ներում խնդիրները չեն լուծվի, քանի որ ազատ արձակված բանտարկյալներին փոխարինելու են գալու նորերը:



























