Սահակաշվիլիի վարչակարգին Վրաստանում ներկայումս ոչինչ չի սպառնում։ Մայիսի 26-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, ինքը բավական հոռետեսորեն է վերաբերում շրջանառվող լուրերին, իբր վրացական ընդդիմությանը՝ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ, սատարում է Մոսկվան։ «Կարեւորը ոչ թե այն է, թե ով է սատարում վրացական ընդդիմությանը, այլ այն, որ ցույցերն այնքան էլ մեծ չեն եղել, եւ որ ընդդիմությանը ցրելը հանգեցրել է արյունոտ իրադարձությունների։ Կարեւոր է մի բան, որ ընդդիմությունը ոչ մի բանի չկարողացավ հասնել, եւ սա ցույց է տալիս, որ Սահակաշվիլիի վարչակարգին Վրաստանում ներկայումս ոչինչ չի սպառնում»,- պարզաբանեց քաղաքագետը։ Իսկանդարյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ով էլ փորձի սատարել վրացական ընդդիմությանը, միեւնույն է, նրա մոտ ոչինչ չի ստացվի։

Առավոտյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելիի պողոտայում  տեղի էր ունեցել Վրաստանի անկախության տոնին նվիրված զինվորական շքերթ։