Հայաստանի արդարադատության նախարարությունը արգելում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգ անցկացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 26-ին հայտարարեց
Կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը։ Նա նշեց, որ նախորդ տարի արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իրենց թույլ էր տվել մոնիտորինգ անցկացնել, ինչի արդյունքում կազմվել եւ այս տարվա փետրվարին հրապարակվել էր զեկույց` ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին։
Ասոցիացիան կրկին նամակ է հղել արդարադատության ներկայիս նախարար Հրայր Թովմասյանին` ՔԿՀ-ներ մուտք գործելու խնդրանքով:
Սակայն նամակին պատասխանել է ոչ թե նախարարն, այլ նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Նամակը հարուցել է իրավապաշտպանի զարմանքը, քանի որ դրանում մերժվում է կազմակերպության անդամների մուտքը ՔԿՀ հետեւյալ պատճառաբանությամբ. «Ձեր ղեկավարած հասարակական կազմակերպության կողմից 2010 թ.-ին անցկացված մոնիտորինգի արդյունքերի ամփոփումը թե մի շարք դատապարտյալների եւ կալանավորված անձանց, թե քրեակատարողական ծառայության վարչակազմի, թե հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացրել է օբյեկտիվ դժգություններ»:
Դանիելյանը նշեց, թե իր տեղեկություններով իրավապաշտպան կազմակերպությունների մուտքը ՔԿՀ-ներ արգելված է մինչեւ սեպտեմբեր, ինչը անթույլատրելի է: «Եթե մինչեւ սեպտեմբեր բոլոր խմբերի այցելություները ՔԿՀ-ներ սառեցվել են, ինչո՞ւ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբն այդ մասին չի բարձրաձայնում»,-հարց ուղղեց իրավապաշտպանը` հավելելով, որ նախարարությանը եւ իշխանություններին այժմ ձեռնտու չէ տեսնել բանտերում տիրող իրավիճակի իսկական պատկերը: «Հելսինկյան ասոցիացիան» կրկին նամակ է հղել ԱՆ` պարզելու նամակում ներկայացված մերժման հիմքերը, որին, սակայն, մինչ օրս պատասխան չի տրվել: «Հելսինկյան ասոցիացիան» պատրաստվում է դատարանում վիճարկել Արդարադատության նախարարության կողմից նամակին չպատասխանելը:
Միքայել Դանիելյանը, պատասխանելով բանտերում տիրող իրավիճակի մասին NEWS.am-ի հարցին, նշեց, որ այդ վիճակը ոչ թե վատ է, այլ անտանելի, քանի որ 12 անձի փոխարեն 18 անձ է ապրում մեկ խցում: «Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, մեկ բառով` խոշտանգում»,- ընդգծեց նա։



























