Երեւանում ավարտին է մոտենում Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) 30-րդ, հոբելյանական նիստը։ Նիստը նախագահում է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը։

Մամլո ասուլիսին Արտեմեւը հայտարարել է, որ նիստի նպատակը այն ոլորտների որոշումն է, որտեղ ստուգումներ են անհրաժեշտ մենաշնորհի առկայության առումով։ Դրանցից գլխավորները, ըստ նրա, ավիափոխադրումներն ու հեռախոսակապի ռոումինգային համակարգն են ԱՊՀ երկրներում։ Ըստ նրա, վերջինս, անկասկած, ավելի թանկ է, քան Եվրոպայի երկրներում։ ԱՊՀ տարածքում ռոումինգ ծառայության արժեքը 300 եւ ավելի տոկոսով գերազանցում է ԵՄ տարածքի համանման ծառայության արժեքը։ Այդ կապակցությամբ ստուգումներ կանցկացվեն բջջային հեռախոսների ընկերություններում։ Ստեղծվել են դեղորայքի, հացահատիկի, ավիափոխադրումների, մանրածախ առեւտրի շուկաները վերահսկող աշխատանքային խմբեր։ «Այժմ մենք աշխատում ենք հակամենաշնորհային օրենսդրության խախտումների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ, որպեսզի այդ օրենսդրությունը կոմպլեմենտար դարձնենք ԱՊՀ բոլոր երկրների համար, ինչպես նաեւ գործնականում կիրառենք այն»,- ասել է նա։

Ստեղծվել է ավիափոխադրումների շուկայի ուսումնասիրության հետազոտական շտաբ։ «Խնդիրն այստեղ ոչ թե ավիափոխադրողների միջեւ մրցակցության մենաշնորհայնացման մեջ է, այլ այն բանում, որ անհրաժեշտ է վերանայել 90-ականների միջպետական պայմանագրերը, որոնք էլ, ըստ էության, մենաշնորհային են դարձնում այդ ոլորտը»,- պարզաբանել է նա։ Արտեմեւը նշել է, որ հատուկ ստեղծված շտաբը անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերել է, որ ավիատոմսերի գնային բարձր քաղաքականությունը հիմնականում բխում է նրանից, որ միջպետական պայմանագրերում նշվում են 1-2 փոխադրողներ։

Ինչպես նշել է Արտեմեւը, տարբեր ոլորտների ընկերությունների ստուգման նպատակով ԱՊՀ երկրների հակամենաշնորհային մարմինների միջեւ ստեղծվում են օպերատիվ շտաբներ, սակայն ինքնին հետաքննությունները չեն հրապարակայնացվում։ Ըստ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի, շոշափվել է նաեւ մթերքի բարձր գների հարցը, ինչը Ռուսաստանում ձեւավորվում է միջնորդական ընկերությունների շնորհիվ։

Ինչ վերաբերում է Հայաստանում երկաթուղային փոխադրումների գներին, ապա ըստ հայկական կողմի ներկայացուցիչ, Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանի, այդ ոլորտում առկա խնդիրն արդեն լուծվել է։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ, երբ Հայկական երկաթուղին փոխանցվեց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, վերջինս երկու եւ ավելի անգամ ավելացրեց սակագները, սակայն այն բանից հետո, երբ Հանձնաժողովը գործ հարուցեց այդ փաստով, որոշում կայացվեց փոխադրման սակագները սահմանել տրանսպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ։