Կորեայի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի համավարակին ավելի արդյունավետ արձագանքման նպատակով որոշում է կայացրել փոփոխել սոցիալական հեռավորության ներկայիս եռաստիճան սխեման` երկու լրացուցիչ աստիճան ավելացնելով: Ինչպես երկուշաբթի հայտնել է KBS հեռուստառադիոընկերությունը, նոր սխեման ներկայացրել է երկրի վարչապետ Չոն Սե Գյուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր սխեման բաղկացած է 1; 1.5; 2; 2.5 եւ 3 մակարդակներից: Մակարդակի բարձրացման մասին որոշումներ կայացնելիս ավելի խիստ չափանիշներ կկիրառվեն, իսկ յուրաքանչյուր տարածաշրջանի հետ կապված որոշումները կկայացվեն առանձին: Նոր սխեման ուժի մեջ կմտնի նոյեմբերի 7-ից:

Սոցիալական հեռավորության առաջին մակարդակի ներդրման համար մայրաքաղաքային մարզում շաբաթվա ընթացքում վարակման օրական աճը չպետք է գերազանցի 100, իսկ մյուս մարզերում` 30 դեպքը: 1.5 մակարդակը ներդրվում է, եթե մայրաքաղաքային մարզում վարակման դեպքերի օրական միջին աճը գերազանցում է 100 դեպքը` չհասնելով 200 դեպքի, իսկ մյուս մարզերում` 10-30 դեպք: Երկրորդ մակարդակը ներդրվում է, եթե մայրաքաղաքային մարզում գրանցվում է 200-ից 400 դեպք, իսկ մյուս մարզերում` օրական 30-ից 60 նոր դեպք: 2.5 մակարդակը սկսում է գործել օրական ավելի քան 400 դեպքի գրանցման ժամանակ, իսկ երրորդ մակարդակը` ավելի քան 800 դեպքի:

Հանրային բոլոր օբյեկտները բաժանված են «առաջնահերթ» 9 եւ «սովորական» 14 տեսակի: Առաջնահերթ օբյեկտները ներառում են բարերը, ակումբները, կարաոկեները, համերգասրահները, ռեստորաններն եւ սրճարանները: Սովորական օբյեկտները ներառում են ինտերնետ-սրճարանները, հարսանյաց սրահները, թաղման բյուրոները եւ կինոթատրոնները: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր հասարակական վայրերում` սոցիալական հեռավորության բոլոր մակարդակներում:

Հարավային Կորեայում գործող սոցիալական հեռավորության ներկայիս եռաստիճան համակարգը քննադատության է ենթարկվում ճկունության բացակայության համար: Երբ օգոստոսի կեսերին Սեուլում կորոնավիրուսի բռնկում տեղի ունեցավ, իշխանությունները ստիպված էին պաշտոնապես բացակայող միջանկյալ 2.5 մակարդակ  ներդնել: Այս ժամանակահատվածում բոլոր դպրոցները, համալսարանները եւ եկեղեցիներն անցան հեռավար ռեժիմի, իսկ ժամանցի հաստատությունները փակվեցին: Երրորդ մակարդակը, որը տոտալ լոքդաուն է ենթադրում, չներդրվեց տարածաշրջանի տնտեսության համար լուրջ հետեւանքների հետ կապված մտահոգությունների պատճառով: