Եթե որոշել ենք տնտեսել, ապա պետք է սկսենք ինքներս մեզնից, այսինքն՝ պետական ապարատում պարգեւավճարներից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա չհամաձայնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, ով հայտարարեց, որ 2021 թվականին պարգեւավճարների պահպանումը նորմալ է: Նախարարը նշեց, որ պարգեւավճարների ֆոնդը նախկինի պես կազմում է աշխատավարձի 30 տոկոսը:
«Այդ առումով նախորդ տարիների հետ համեմատ ոչինչ չի փոխվել: Բացի այդ, եթե մեկ տարվա ընթացքում որեւէ գերատեսչությունում չնախատեսված հաստիք է բացվում, նոր աշխատակցի աշխատավարձը վճարվում է պարգեւավճարների ֆոնդից: Այդպիսով, դա նաեւ պահուստային ֆոնդ է աշխատավարձերի համար»,-պարզաբանեց նախարարը:
Թունյանը նկատեց, որ հանրությանը հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ տրամաբանությամբ են տրվում պարգեւավճարները, այլ այն, թե ինչու են դրանք տրվում պատերազմական պայմաններում:
«Ավելին, Դուք ասացիք, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչեւ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմը շատ տեղերում ճշգրտումներ է մտցրել»,-նշեց Թունյանը՝ հավելելով, որ թեեւ հայտարարվում է, որ պարգեւավճարը աշխատավարձի 30 տոկոսն է, կան պաշտոնյաներ, որ ստանում են 100 տոկոս, 120 տոկոս:
Ընդ որում, պատգամավորը նշեց, որ եթե բանկերից մեկի միջին կարգի վարչության պետը 1 մլն դրամ եւ նույնիսկ ավել աշխատավարձ է ստանում, ապա անտրամաբանական կլինի, եթե, օրինակ, երկրի էկոնոմիկայի նախարարը դրանից 2 անգամ պակաս ստանա:
«Այնուամենայնիվ, հաջորդ տարի պետք է ձգել գոտիները: Եվ ճիշտ կլինի, որ առաջին հերթին մենք մեր գոտիները ձգենք»,-հավելեց Թունյանը:





























