2021 թվականին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար բյուջեից կհատկացվի 210,87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերը հաշվի առնելու: Դրանց ծավալը կկազմի 37,3 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ առանց դեֆիցիտային ծրագրերը հաշվի առնելու՝ նախատեսված վարկային ծրագրերի ծավալը կկազմի 51,2 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհային  ծրագրերի ծավալը՝ 14,7 մլրդ դրամ:

«Էներգահամակարգի զարգացման ծրագրերի համար, օրինակ, կհատկացվի 34,6 մլրդ դրամ, որից 33,1 միլիարդը մտնում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ»,-ասաց Տերտերյանը: