Տնտեսագետ եւ «Սեւ կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը նախազգուշացրել է ներդրողներին չփորձել կանխատեսել, թե ով է հաղթելու ԱՄՆ նախագահական ընտրություններում եւ ինչպես դրան կարձագանքի ֆոնդային շուկան: Կորոնավիրուսի համավարակը ընդմիշտ փոխել է տնտեսությունը, եւ որոշ ոլորտներ այլեւս երբեք չեն վերականգնվի վնասից՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է նա:
Թալեբը մտահոգություն է հայտնել ներդրողների արտակարգ ինքնավստահության համար, ովքեր փորձում են կանխատեսել ընտրությունների արդյունքը նույնիսկ 2016-ին Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակից հետո: Նա նրանց խորհուրդ է տվել ընտրություններին վերաբերվել որպես «ոչ թափանցիկ համակարգի», որում անհնար է իմանալ, թե ինչ կարող է կատարվել: Թալեբը հիշեցրել է, որ 2016-ին ներդրողները սպասում էին, որ Թրամփի հաղթանակի դեպքում ֆոնդային բորսան կընկնի, բայց տեղի ունեցավ հակառակը:
«Դուք պետք է մտածեք այնպիսի տնտեսության մասին, որը շատ տարբեր է նախկինից»,- ընդգծել է Թալեբը: Նրա կարծիքով, տնտեսությունն այլեւս չի վերադառնա նախակորնավիրուսային վիճակին, քանի որ «տնտեսական կառուցվածքի մեջ փոփոխություններ են եղել, եւ դրանք մշտական են»:
Տնտեսագետը պարզաբանել է, որ որոշ ձեռնարկություններ, ինչպիսիք են գեղեցկության սրահները կամ ատամնաբուժական գրասենյակները, որոնք տուժել են համավարակից, ի վերջո կվերականգնվեն: Բայց մյուս ոլորտները, որոնք կապված են գործարար ուղեւորությունների եւ Նյու Յորքում կոմերցիոն անշարժ գույքի հետ, «երբեք նախկինը չեն լինի»,- փոխանցում է Forbes-ը:
Մարտ ամսին սկսված անկումից հետո զբաղվածության աճը Թալեբը բացատրել է նրանով, որ տեխնոլոգիական ընկերությունները հարմարվել են համավարակին եւ շահույթ են ստանում: Բայց նա քիչ հավանական է համարել, որ ավիաընկերությունները, օրինակ, կսկսեն կրկին աշխատանքի ընդունել արդեն իսկ կրճատված աշխատակիցներին:
Ըստ Թալեբի՝ Թրամփի կողմից կորոնավիրուսի լրջության ժխտումը եւ կեղծ հույսը, որ պատվաստանյութը թույլ կտա արագորեն հաղթահարել համավարակը, կշարունակի վնաս պատճառել տնտեսությանը: «Նման ժխտումը ստիպում է մեզ այդքան մեծ ծախսեր անել ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ շատ բաների մեջ, նույնիսկ՝ հանրային կյանքում»,- ընդգծել է նա:





























