Ոսկու արտադրությունը մինչեւ 2030 թվականի հեռանկարում կարող է նվազել այսօրվա մակարդակի 15-20%-ի չափով՝ պաշարների սպառման պատճառով: Այսպիսի կանխատեսում է արել Ռուսաստանում ոսկու խոշորագույն արդյունահանող «Պոլյուս» ընկերության գլխավոր տնօրեն Պավել Գրաչովը՝ ելույթ ունենալով Մոսկովյան բորսայի կողմից կազմակերպված Միջազգային բորսային ֆորումում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ոսկու համաշխարհային պաշարները կրճատվում են, ասել է Գրաչովը: Այսպես, նախորդ տարվա համեմատ, այս ցուցանիշը նվազել է 5-10%-ով: «Մենք կցանկանայինք, որ այս միտումը հետ շրջվեր: Բայց եթե վերցնենք 2020 թվականը եւ համեմատենք այն 2010 թվականի հետ, ապա պաշարները նվազել են 10%-ով»,- արձանագրել է նա:

«Եթե վերցնենք ոսկու միջին նմուշը, ապա (աշխարհում ոսկու) արտադրությունը մինչեւ 2030 թվականը կնվազի 15-20%-ով: Այս պարագայում կարող ենք արդյոք ունենալ 1 գրամ ոսկու հարաբերակցություն մեկ տոննա հանքաքարի հետ: Պաշարները նվազում են, դրանց որակը նույնպես իջնում է: Արդյունահանման ծախսերը կբարձրանան: Սա մեր իրականության մեջ բավականին նոր խնդիր է»,- տրամաբանել է նա:

Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) շուկայական գլխավոր ռազմավար Ջոն Ռիդը, խոսելով նույն նիստում, ասել է, որ «արդեն առաջիկայում աշխարհը ոսկու արտադրության ծավալով գագաթնակետը կանցնի»: «Խոսքն, իհարկե, ծավալների հսկա անկման մասին չէ: Բայց շատերը կանխատեսում են տարեկան 5%, կամ նույնիսկ 10% ծավալների անկում: Այսինքն, հիմքեր չկան ակնկալելու, որ մենք կվերադառնանք 2018-ի բարձր մակարդակներին»,- ասել է նա: