Ֆրանսիայում Լիոնում քահանայի վրա հարձակման մեջ կասկածվողը խոստովանել է, որ հանցանք է գործել իր կնոջ դավաճանության պատճառով, հՀայտնում է Parisien թերթը:

Նոյեմբերի 6-ին ոստիկանությունը ձերբակալել էր ազգությամբ վրացի 40-ամյա Գեորգի Պ.-ին։ Նա պնդում է, որ ուղղափառ քահանա Նիկոլաս Կակավալակիսի վրա կրակել է վրեժխնդրությունից դրդված, քանի որ նա իբր ինտիմ կապ է ունեցել իր 35-ամյա կնոջ հետ: Վրացու կենակիցը հաստատել է քահանայի հետ մտերիմ հարաբերությունները:

Գեորգիի խոսքով՝ ինքը զենքից ազատվել է Սոնա գետի ափամերձ հատվածում: Քննիչները ճշտում են այս տեղեկատվությունը: Նրա տունը խուզարկելիս եւս մեկ միավոր զենք է հայտնաբերվել։ Ձերբակալվածը ոստիկանությունում գրանցված է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու եւ ապօրինի զենք պահելու համար:

Լիոնում հունական եկեղեցու մոտ հարձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ Կակավալակիսը փակում էր եկեղեցին: Հարձակվողը որսորդական հրացանից երկու անգամ կրակել էր նրա վրա, ապա դիմել փախուստի: Քահանան ծանր վիրավորվել է, հայտնում է Lenta.Ru-ն:

Վիրահատությունից հետո Կակավալակիսը դուրս է եկել կոմայից: Քննիչների հետ զրույցում նա չի բացառել վրեժխնդրությունից հարձակման վարկածը:

Նոյեմբերի 1-ին ոստիկանությունը ազատ է արձակել մեկ այլ ձերբակալվածի, ով կասկածվում էր քահանայի վրա հարձակման մեջ: Քննիչները որեւէ ապացույց չեն գտել տղամարդուն հարձակման համար պատասխանատվության ենթարկելու համար: