Տեխասն ԱՄՆ առաջին նահանգն է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ տվյալները ստացվել են շաբաթ, երբ երկիրը պայքարում է COVID-19-ի երրորդ ալիքի դեմ, հաղորդում է Reuters-ը:

Համաձայն տեղեկատվական գործակալության հաշվարկների՝ նահանգում կորոնավիրուսի հիմնական էպիկենտրոնը Հարիս, Դալաս եւ Էլ Պասո շրջաններն են:

Եթե Տեխաս նահանգը լիներ պետություն, ապա կզբաղեցներ 10-րդ տեղը երկրների շարքում, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսից: Վերջին օրվա ընթացքում նահանգում գրանցվել է COVID-19-ով վարակման շուրջ 8000 նոր դեպք:

Նահանգում գրանցվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի ավելի քան 10 տոկոսը:

Ընդ որում՝ Reuters-ը համեմատում է Տեխասում կորոնավիրուսի ցուցանիշները Կալիֆոռնիայի հետ, որը երկրի ամենաբնակեցված նահանգն է:

Վերջին 7 օրվա ընթացքում Կալիֆոռնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 30 000 նոր դեպք:

Լոս Անջելեսում, որում նահանգի վարակման դեպքերի 33 տոկոսն է հայտնաբերվել, ամենաշատ մահվան դեպքերն են գրանցվել՝ 7118 մարդ նոյեմբերի 5-ի դրությամբ:

Ընդ որում՝ փորձագետները նախազգուշացնում են ցրտերի կապակցությամբ կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը կորոնավիրուսով վարակման ցուցանիշներով. երկրում հայտնաբերվել է վարակման 9.8 մլն դեպք, մահացել է ավելի քան 230 000 պացիենտ: