Բրազիլիայի առողջապահության վերահսկման ազգային գործակալությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կասեցրել է կամավորի մասնակցությամբ «բացասական» միջադեպից հետո, հայտնում է CNN-ն։ 

Չինական Sinovac Biotech դեղագործական ընկերությունը Սան Պաուլուի Բուտանտան բրազիլական ինստիտուտի հետ համագործակցությամբ հուլիսի վերջին սկսել էր CoronaVac պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը։

CNN Brasil-ի հաղորդմամբ՝ հետազոտությունները կասեցվել են «Բրազիլիայում կամավորներից մեկի մոտ լուրջ բացասական վիճակի առաջացման պատճառով»։

Ընդ որում՝ ընկերությունը հրաժարվել է տեղի ունեցածի մասին ավելի մանրամասն տեղեկություն տալ՝ վկայակոչելով գաղտնիության դրույթները։

Նշվում է, որ հետազոտության կասեցումից հետո կամավորները չեն պատվաստվելու։

CoronaVac փորձնական պատվաստանյութն օգտագործում է չակտիվացված վիրուսային բջիջները պացիենտների իմունային ռեակցիայի խթանման համար։ Փորձարկումները սկսվել են հուլիսի վերջին՝ բրազիլական 5 նահանգներում եւ երկրի մայրաքաղաքում 9000 կամավորների մասնակցությամբ։