Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները երկար ժամանակ քաղաքական եւ ռազմական վերլուծաբանների ամենաուշադիր քննարկման առարկան կդառնան, գրում է «Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում. Ով ինչի համար էր պայքարում» հոդվածի հեղինակ Իրինա Ալկսնիսը:

«Եթե կարճ, ապա 24 ժամվա ընթացքում պատերազմը փոխարինվեց խաղաղությամբ, իսկ առաջնագիծը վերածվեց ռուսական ռազմական զորախմբի տեղակայման գոտի ( երկու ամիս բավականին տագնապալի հայտարարություններից հետո այն մասին, որ իբր Ռուսաստանին դուրս են մղվում տարածաշրջանից):

Նախ ուշ երեկոյան լուր եկավ, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական ռազմական ուղղաթիռ է խփվել, անձնակազմի երկու անդամ զոհվել է: Սա, հավանաբար, իրավիճակի անմիջական փոփոխության առիթ հանդիսացավ:

Բաքուն կայծակնային արագությամբ պատասխանատվություն ստանձնեց տեղի ունեցածի համար` ընդունելով, որ ողբերգական պատահակնություն է տեղի ունեցել, իսկ Իլհամ Ալիեւը զանգահարեց եւ ներողություն խնդրեց Վլադիմիր Պուտինից:

Այնուհետեւ ՌԴ նախագահը հանդես եկավ հատուկ ուղերձով` հայնտնելով բարձրագույն մակարդակով եռակողմ հայտարարության ստորագրման մասին` Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի եւ տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման մասին: Վաղ առավոտյան Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից թռան խաղաղապահներին տեղափոխող Իլ-76-ները:

Պայմանագրի մանրամասներն այնպիսին էին, որ Երեւանում անմիջապես անկարգություններ սկսվեցին: Ցուցարարները ներխուժեցին կառավարության եւ խորհրդարանի շենքերը եւ դաժան ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի խոսնակին: Փաստաթուղթը ստորագրած երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության կողմից մեղադրվում է ազգային դավաճանության մեջ:

Երեւանյան ընդդիմության զայրույթը եւ ստորագրված համաձայնագրից դուրս գալու նրանց պահանջները հասկանալի են, քանի որ փաստաթուղթտ փաստացի ամրագրում է հայկական կողմի պարտությունը եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածքի զգալի մասի կորուստը:

Սակայն Հայաստանը պարզապես այլ ելք չուներ, ավելի ճիշտ` կար ավելի վատը` ռազմական աղետ: Ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը. «Եթե ռազմական գործողությունները շարունակվեին նույն տեմպով, մի քանի օրվա ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը»: Այս հայտարարությամբ նա լրացրեց այն միտքը, որ ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի նկատմամբ վերահսկողությունը հայկական զորքերը կորցրել էին դեռ նոյեմբերի 7-ին, ինչպես հայտարարել էր  Իլհամ Ալիեւը:

Ճիշտ է, բնական հարց է առաջանում. ինչու՞ Բաքվում համաձայնեցին պայմանագիր կնքել` դադարեցնելով պատերազմը հանրապետության համար ամենացավոտ հարցի վերջնական լուծումից բառացիորեն մեկ քայլ հեռավորության վրա:

Ադրբեջանի նախագահն իր ազգային հերոս է դարձել իր երկրի համար, սակայն այնտեղ կան նաեւ բավականաչափ դժգոհ ձայներ (չնայած դրանք այնքան բարձր չեն, որքան Երեւանում), որոնք խոսում են ազգային շահերի դավաճանության մասին:

Անկասկած, Իլհամ Ալիեւը, որպես փորձառու պետական ​​գործիչ, իր որոշման մեջ առաջնորդվել է մի շարք պատճառներով եւ մոտիվներով:

Օրինակ` մի քանի շաբաթ առաջ նա երաշխավորել է Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պահպանումը: Սակայն, ինչքան էլ, որ նա ցանկանա, նա դժվար թե կարողանա պահել իր խոսքը. երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մութ եւ արյունոտ էջերը դա են հաստատում: Եւ Ադրբեջանի ղեկավարը դժվար թե ցանկանա պատասխանատվություն կրել հայերի հերթական սպանդի համար:

Իր հերթին, Մոսկվան հավանաբար եւս գտել է փաստարկները, որոնք լսվելի են դարձել Բաքվում:

Սակայն կա մեկ այլ կարեւոր գործոն` թուրքականը, որն ակնհայտորեն ազդել է Ադրբեջանի նախագահի կայացրած որոշման վրա:

Թուրքիայի աջակցությունն ահռելի դեր խաղաց Ադրբեջանի ներկայիս ռազմական հաջողություններում։ Միայն թե ամեն ինչի համար պետք է վճարել, իսկ Էրդողանի հավակնություններն ավանդաբար տեղավորվում են՝ «մատդ տաս, ձեռքդ կկծի» բանաձեւի մեջ։ Ալիեւը, որը մշտապես ձգտում է հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում հիմնական ուժային կենտրոնների միջեւ (այսինքն՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի) եւ դրանով իսկ պահպանել իր երկրի ինքնիշխանությունը, ակներեւաբար շահագրգռված չէ Ադրբեջանը Անկարայի խամաճիկային կցորդի վերածմամբ։ Չխոսելով արդեն այն մասին, որ Մերձավոր Արեւելքից Ղարաբաղ են տեղափոխվել «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ ուրիշ արմատական խմբավորումների գրոհայիններ, իսկ այդ մարդասպանները մեծ սպառնալիք են ներկայացնում նաեւ բուն Ադրբեջանին։ Ըստ էության, հենց այս պատճառով են մուսուլմանական երկրները իրենց մոտ շատ ավելի խիստ պայքարում իսլամիստական էքստրեմիզմի դեմ, քան ուրիշ պետությունները, նրանք դրա ուղղակի հարվածի տակ են։

Ռազմական գործողությունների դադարեցումը եւ համաձայնագրի կնքումը թույլ է տալիս միանգամից փակել Ադրբեջանի համար այս եւ որոշ այլ անբարենպաստ գործընթացներ։ Իլհամ Ալիեւը Անկարայի ուղղությամբ ձեւական քայլ է արել՝ հայտարարելով Ղարաբաղում թուրք խաղաղապահների մասին, բայց ահա ստորագրված փաստաթղթում Թուրքիան ընդհանրապես որեւէ կերպ չի հիշատակվում։ Այս համատեքստում ռուսական խոցված ուղղաթիռի պատմությունը նոր շրջադարձ է ստանում։

Կասկած չկա, որ Ադրբեջանում ուժեր կան (առաջին հերթին թուրքամետ), որոնք շահագրգռված են համաձայնագրի խափանմամբ։ Չէ՞ որ հասկանալի է, որ բանակցային գործընթացը արդեն որոշ ժամանակ ընթանում էր եւ դրա արդյունքների մասին տեղեկությունները շրջանառվում էին համապատասխան շրջանակներում։ Չի կարելի բացառել, որ տեղ է գտել կազմակերպված սադրանք՝ այն հույսով, որ Ռուսաստանի իշխանությունները տեղի կտան եւ ամենավերջին պահին կհրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններից, եւ Ղարաբաղում պատերազմը կշարունակվի։

Մինչդեռ Մոսկվան եւ Բաքուն իրենց պահեցին այնպես, ինչպես պետք էր․ Ադրբեջանը ստանձնեց տեղի ունեցածի պատասխանատվությունը, Ռուսաստանն ինքնատիրապետումը պահպանեց։

Ցավոք, Հայաստանի մասին նույնը չի կարելի ասել։ 2018 թվականին փողոցներում մարդկային բազմությունը պետական իշխանության գագաթին բարձրացրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսօր գիշերը նույն բազմությունը նույն փողոցներում պատրաստ էր նրան հոշոտելու, քանի որ հանկարծ պարզել էր, որ առաջադեմ առաջնորդը, որը երկիրը Եվրոպա էր տանում, նրան տարել է ինչ-որ տեղ ոչմիտեղ, իսկ ռազմական շինարարության ոլորտում նրա աշխատանքը շրջվեց  Հայաստանի համար ծանր պարտությամբ։

Ի դեպ, այն փաստը, որ երիտասարդ առողջ տղամարդիկ կառավարական շենքերի ավերումը նախընտրեցին մարտնչող բանակի շարքերն ընդունվելուց, առանց ծաղրի՝ նույնպես ամենաարդիական արեւմտյան միտումների շրջանակում է։

Մի խոսքով, եթե Հայաստանը պատրաստ չէ դաս քաղել վերջին երկու տարիների իրադարձություններից, ապա ինքը դաս կդառնա շատ այլ երկրների համար։