Բրիտանական Չեսթեր քաղաքի ոստիկանությունը հայտարարել է տեղական հիվանդանոցի աշխատակցին ձերբակալության մասին` ութ նորածնի սպանության եւ տասը սպանության փորձ կատարելու մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ Countess of Chester հիվանդանոցի աշխատակցուհի Լյուսի Լեթբին ձերբակալվել էր  երեքշաբթի` այն բանից հետո, երբ տեղական ոստիկանությունը ձերբակալման թույլտվություն էր ստացել Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունից:

Մեղադրանքները ներկայացվել են հիվանդանոցի նորածնային բաժանմունքում երեխաների մահվան մի շարք դեպքերի եւ դժբախտ պատահարների վերաբերյալ 2015-ի հունիսից մինչեւ 2016-ի հունիս տարվող հետաքննության շրջանակներում:

Ներկայումս ամբաստանյալը կալանքի տակ է եւ նոյեմբերի 12-ին պետք է կանգնի դատարանի առջեւ:

Բուժքույր Լյուսի Լեթբին ձերբակալվել էր 2018 թվականի հուլիսի 3-ին` Չեսթերի հիվանդանոցի նորածնային բաժանմունքում 17 երեխայի մահվան դեպքերի հետաքննության շրջանակներում: Նրան մեղադրանք էր առաջադրվել, այնուհետեւ կինը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հաղորդվել է, որ բուժքույրը համագործակցում էր հետաքննության հետ: Ավելի ուշ Անգլիայի Չեշիր կոմսությունում ոստիկանությունը մեղադրանք էր առաջադրեց բուժքրոջը եւս երեք երեխայի սպանության համար:

Հետաքննությունը սկսվել էր 2017-ի մայիսին. նախ հետաքննությունն ուսումնասիրել էր 2015-ի հունիսից 2016-ի հունիս ընկած ժամանակահատվածում հիվանդանոցում տեղի ունեցած 15 մահվան դեպքը, սակայն ոստիկանությունը հետաքրքրվել էր նույն ժամանակահատվածում եւս վեց երեխայի հետ տեղի ունեցած պատահարների (ընկնելու) հանգամանքներով: