Դանիայի կառավարությունը դժվար իրավիճակում է հայտնվել` թագավորությունում բոլոր ջրաքիսների ոչնչացման մասին որոշման պատճառով, ինչը պայմանավորված է դրանց կողմից կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամի տարածման հավանականությամբ, գրում է Euronews-ը:

Խոսքը 17 միլիոն կենդանու մասին էր` ոչ միայն վարակված, այլ նաեւ առողջ: Համապատասխան հրամանից մի քանի օր անց պարզվեց, որ դրա համար իրավական հիմք չկա: Իշխանություններն ընդունեցին իրենց սխալը: Դանիայի ընդդիմությունը պահանջում է գյուղատնտեսության նախարարի հրաժարականը:

Վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ներողություն է խնդրել` պարզաբանելով, որ առաջնայինն այն մարդկանց առողջությունն է, ովքեր կարող են վարակվել վարակված ջրաքիսներից, ինչն էլ տեղի է ունեցել մի շարք դեպքերում: Կառավարությունը խորհրդարանին օրինագիծ է առաջարկել, որը իրավական հիմք կստեղծի վարակված ջրաքիսերի որսի եւ ոչնչացման համար:

Ջրաքիսների բուծմամբ զբաղվող ֆերմերների ասոցիացիայի ղեկավարը կարծում է, որ հետդարձի ճանապարհ չկա, եւ այժմ բուծողներին մնում է միայն ընդունել պետական ​​փոխհատուցումը: Մինչդեռ որոշ կենդանաբուծական տնտեսություններ ցանկանում են առնվազն պահպանել բուծման ենթակա կենդանիների կյանքը` արդյունաբերության հետագա գոյությունն ապահովելու համար:

Դանիայում, որը ջրաքիսների մորթու խոշորագույն արտահանողն է, արդեն շուրջ երեք միլիոն կենդանի է ոչնչացվել: