Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում է իր կարիերայում ամենալուրջ մարտահրավերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Երեւանի եւ Բաքվի միջեւ կնքված հայտարարության դեմ զանգվածային բողոքի ցույցերի հետ: Կապիտուլյացիայից վրդովված քաղաքացիները պահանջում են կառավարության ղեկավարի հրաժարականը՝ չնայած նրա հավաստիացմանը, որ հրադադարից հրաժարումը սպառնում էր շատ ավելի տխուր հետեւանքներով: Ինչպե՞ս ռազմական պարտությունը կանդրադառնա երկրի ներքին քաղաքականությանն ու արժե՞ արդյոք սպասել Հայաստանում իշխանափոխության, պարզաբանում է Գազետա.Ru-ն:
Վարչապետի ձախողումը
Երեւանի եւ Բաքվի հետ ստորագրված հայտարարության համաձայն՝ ԼՂՀ-ում հաջողվել է պահպանել տարածքի շուրջ մեկ երրորդ մասը: Հայաստանը հրաժարվել է ոչ միայն հարավում տարածքից, որը չճանաչված հանրապետությունը կորցրել էր վեցշաբաթյա պատերազմի հետեւանքով, սակայն նաեւ իր երկու շրջանները հյուսիսում, որտեղ ադրբեջանական ուժերը դեռեւս չէին հասցրել մտնել:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը, հայկական կողմն իսկապես պարտվել է տակտիկական ծրագրում: Եթե նայենք տարածաշրջանի քարտեզին նախքան պատերազմն ու դրանից հետո, ապա կարելի է անգամ համաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որ դա գրեթե կապիտուլյացիա է:
«Հայաստանում ամենախոշոր ներքաղաքական ձախողումն է իր անկախության ողջ պատմության ընթացքում:
Դա ուղղակիորեն կանդրադառնա ներքաղաքական իրավիճակի վրա, քանի որ բնակչությունը դժգոհ է եւ վիրավորված երկրի ղեկավարության կողմից ստի պատճառով: Փաշինյանը փորձում է արդարացնել ինքն իրեն եւ մեղավորներ է փնտրում, սակայն լավագույն վիճակում չի գտնվում»,-նշել է փորձագետը:
Մուխանովի կարծիքով՝ ներկայում Հայաստանի վարչապետի դեմ է միաժամանակ չորս գործոն: Նախ, վեցշաբաթյա հակամարտությունում Հայաստանի ակնհայտ տակտիկական պարտությունը, որին Երեւանը շատ վատ է նախապատրաստվել՝ լիարժեք զորահավաք չի կատարվել, ինչպես նաեւ հայկական բանակի ռեգուլյար զորքերը ներքաշված չէին մարտերում:
Այնուհետեւ, մարդկանց հիասթափությունը հակամարտության շուրջ ապատեղեկատվության պատճառով: Վառ օրինակ է Շուշիի գրավումը: Քաղաքը վերահսկողության տակ մտնելու մասին Բաքվի հայտարարությունից հետո Երեւանը երկու օրվա ընթացքում համոզում էր ժողովրդին, որ տարածքի համար մարտերը շարունակվում են:
Մյուս գործոնն այն է, որ Փաշինյանի համար խնդիրներ կավելացնի ԼՂՀ երկու հյուսիսային շրջանների՝ Քարվաճառի եւ Լաչինի անցումը Ադրբեջանի հսկողության տակ: Այդ շրջաններից փախստականները գալիս են Հայաստան, եւ նրանք հավանաբար կներքաշվեն Փաշինյանից դժգոհ քաղաքացիների շարքերում՝ լրջորեն ամրապնդելով դրանք:
Եւ, ի վերջո, վերջին գործոնը, ըստ Մուխանովի, վերաբերում է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչները չափազանց դժգոհ են Հայաստանի վարչապետից, քանի որ ներդրել են հարյուր միլիոնավոր դոլարներ հակամարտության էսկալացիայի ժամանակ: Սակայն դժգոհ են վերջնական արդյունքով:
«Ընդդիմությունը փորձում է սանձել բողոքավոր տրամադրությունների բռնկումը, եւ Փաշինյանը կարող է դուրս թռնել իր աթոռից: Հավանաբար, կկրկնվի 2018 թվականի սցենարը, երբ փոխվել էր կառավարության ղեկավարն ու իշխող ուժը: Ըստ ամենայնի՝ Փաշինյանի իշխող կոալիցիան կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը նրա հետ միասին»,-ընդգծել է փորձագետը:
Առաջիկա հրաժարակա՞ն
Քաղաքագետ, Հարավային Կովկասի գծով փորձագետ Անդրեյ Արեշեւը նշում է, որ ներկայում բավականին դժվար է խոսել Փաշինյանի առնվազն միջնաժամկետ հեռանկարների մասին, քանի որ իրավիճակն անդադար զարգանում է եւ կարող են նոր իրողություններ տեղի ունենալ:
«Մենք գիտենք, որ գործող կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից՝ չնայած բողոքի ալիքն աճում է: Այն, հավանաբար, առաջիկայում միայն կուժգնանա այն կործանիչ հետեւանքների գիտակցումից, որոնց հանգեցրել է հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին վարչապետի եւ նրա շրջապատի ոչ հմուտ կառավարումը»,-ասել է փորձագետը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեեւը նույնպես չի բացառում Փաշինյանի հրաժարականը, քանի որ նրա դեմ է տրամադրված ոչ միայն Հայաստանի բնակչության մի մասը, այլ նաեւ «Իմ քայլը» դաշինքի բազմաթիվ պատգամավորներ:
«Հավանաբար, վարչապետի հրաժարականն անխուսափելի է, սակայն դեռեւս հայտնի չէ՝ ով կարող է փոխարինել նրան:
Ամենայն հավանականությամբ՝ դա չի լինի Հայաստանի նախկին նախագահներից եւ ոչ մեկը: Ղարաբաղն աստիճանաբար կդառնա պակաս սուր թեմա հանրապետությունում՝ չնայած ժողովուրդը դժգոհ է տեղի ունեցածով: Փաշինյանի հրաժարականից հետո բողոքի ցույցերը կմարեն, առավելեւս մոտեցող ձմեռն ամենաբարենպաստ ժամանակը չէ ցույցերի համար»,-հայտարարել է փորձագետը:





























