Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ին կոչ են արել դադարեցնել չինական ընկերությունների վրա չհիմնավորված ճնշումը եւ վճռականորեն հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահի հրամանի դեմ մի շարք չինական ընկերություններում ներդրումների արգելման մասին, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Չինաստանի Զինված ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից չինական ընկերությունների վրա չհիմնավորված ճնշման մասին։ Չնայած փաստերին, ամերիկյան կողմը որոշել է, որ չինական որոշ համապատասխան ձեռնարկություններ վերահսկում են զինվորականները։ Սա անհիմն է եւ օրենքին չի համապատասխանում։ Չինաստանը վճռականորեն դեմ է դրան»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
«Չինաստանն ամերիկյան կողմին կոչ է անում դադարեցնել չինական ընկերությունների վրա չհիմնավորված ճնշումը, ԱՄՆ-ում չինական ձեռնարկությունների համար ապահովել բիզնեսի վարման համար ազնիվ, արդարացի, ոչ խտրական պայմաններ»,- նշված է փաստաթղթում։
Անցյալ շաբաթ հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել մի շարք չինական ընկերություններում ամերիկյան ներդրումների արգելման մասին, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Չինաստանի Զինված ուժերի հետ։ Հրամանի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 11-ից ամերիկյան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվելու են այդպիսի ընկերությունների արժեթղթերով ցանկացած գործարքները։




























