Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է իսլամական ծայրահեղականության նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշման լուսաբանումն անգլալեզու մամուլում վերջին հարձակումներից հետո: Նա հայտարարել է, որ դա հավասարազոր է բռնությունը «օրինականացնելուն»:

«Երբ 5 տարի առաջ Ֆրանսիան հարձակման ենթարկվեց, աշխարհի բոլոր երկրներն աջակցեցին մեզ»,-The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը:

«Այդ պատճառով, երբ ես տեսնում եմ, թե ինչպես են որոշ երկրներ օրինականացնում այդ բռնությունը կամ էլ ասում են, որ Ֆրանսիան ռասիստական եւ իսլամաֆոբ երկիր է, ես ասում եմ, որ հիմնարար սկզբունքները կորսված են»:

Մակրոնն աջակցությոն է հայտնել Ֆրանսիայում սեկուլյարիզմի քաղաքականությանն ու հայտնել. «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից»:

Նա կրկնել է իր այն պնդումը, որ չնայած տարբեր մշակույթները հարգելուն՝ «չի պատրաստվում փոխել Ֆրանսիայի օրենքները»: «Եվրոպայում մեր սերնդի պայքարը կլինի հանուն մեր ազատության պայքար»,-հավելել է Մակրոնը:

Financial Times-ը հոդված է հրապարակել «Իսլամական անջատողականության դեմ Մակրոնի պատերազմը» վերնագրով: Ավելի ուշ թերթը ջնջել է հրապարակումը:

FT-ին ուղղված նամակում պաշտպանելով Ֆրանսիայի դիրքորոշումը՝ Մակրոնը գրել է. «Ֆրանսիան նույն աշխարհիկ երկիրն է ինչպես մուսուլմանների, այնպես էլ քրիստոնյաների, հրեաների, բուդդայականների եւ այլ հավատացյալների համար»: