ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի աջակցությունը վայելող եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարել։ Այս մասին հայտնել է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։

«Նրանք [իշխանությունները] որոշ ժամանակ է, ինչ այս մասին խորհրդածում են, բայց [ԱՄՆ պետքարտուղար Մայքլ] Պոմպեոն ցանկանում է դա արագացնել»,- պարզաբանել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Ամսագրի տեղեկություններով՝ որոշումը քննադատել են Գերմանիան եւ Շվեդիան, ինչպես նաեւ մի քանի միջազգային կազմակերպություններ։ Մասնավորապես՝ Եմենում ՄԱԿ գլխավոր քարուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիթսը պնդել է, որ Միացյալ Նահանգները հրաժարվի հուսիների շարժմանը նշված կարգավիճակը տալուց։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերին կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Կրաֆթին էր դիմել ծրագրերը վերանայելու խնդրանքով։

Ամերիկյան իշխանությունների մեջ կարծիքները կիսվել են։ «Անսար Ալլահին» ահաբեկիչների թվին դասելու դեմ են հանդես եկել Պենտագոնը, Պետքարտուղարության որոշ աշխատակիցներ եւ այլ պաշտոնյաներ։ Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, որ նման քայլը կդառնա «խաղաղության բանակցությունները տապալելու Թրամփի վարչակազմի ակնհայտ փորձ»։ Նրա խոսքով՝ հուսիների եւ նրանց հովանավորների դեմ արդեն մտցվել են պատժամիջոցներ, ուստի պատրաստվող միջոցառումը միայն կբարդացնի շարժման ղեկավարության հետ երկխոսությունը եւ խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններին օգնության իրականացումը։

«Եթե ԱՄՆ-ն պատրաստվում է [ահաբեկիչների] ցուցակի մեջ ընդգրկել միջազգային սուբյեկտների, որոնք դիտավորյալ վնաս են պատճառում Եմենի խաղաղ բնակչությանը, ապա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան պետք է լինի այդ ցուցակի վերին մասում»,- հավելել է Մերֆին։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների միջեւ։ Այն առավել ակտիվ փուլ մտավ 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի երկիր ներխուժելուց հետո։ Ավելի քան 5 տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման։ ՄԱԿ տվյալներով՝ 24 միլիոնից ավելի եմենցիներ՝ երկրի բնակչության շուրջ 80 տոկոսը, հումնանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվն անցնում է 3 միլիոնից։