Եթե Աֆղանստանի խաղաղության գործընթացը տապալվի, եւ բռնությունը շարունակվի, տեղի կունենա հումանիտար աղետ, քանի որ հազարավոր տեղահանվածներ ստիպված կլինեն գոյության պայքար մղել կորոնավիրուսի համավարակի եւ ծանր ձմռան պայմաններում: Այս մասին Associated Press-ին Աֆղանստան քառօրյա այցի ավարտին ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Նրա խոսքով՝ եթե մարտերը շարունակվեն, երկրի ներսում տեղահանվածների թիվը կավելանա: «Եթե այս խաղաղապահ ջանքերը ձախողվեն, մենք կարող ենք ականատես լինել երկրում մեծ մարդասիրական աղետի, եւ ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է նա:
Վերջին ամիսներին Աֆղանստանում բռնությունն ու քաոսը սրվել են, չնայած կառավարության եւ թալիբների ներկայացուցիչները հանդիպում են Կատարում՝ պատերազմը դադարեցնելու համար: Երկու կողմերն էլ ոչ մեծ առաջընթացի են հասել:





























