Իսրայելական բանակը հայտնել է Սիրիայի տարածքին հարված հասցնելու մասին, որն ուղղված էր ինչպես Սիրիայում տեղակայված իրանական ուժերին, այնպես էլ սիրիացի զինվորականներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ինչ են արել Իրանն ու Սիրիան․ «Ալֆա» գծի մոտ տեղակայել են իննքնաշեն պայթուցիկ սարքեր՝ իսրայելական զորքին խոցելու համար։ Ինչ արեցինք մենք․ քիչ առաջ հարված հասցրեցինք Ղուդս իրանական ուժերին եւ Սիրիայի զինված ուժերին։ Մենք պատրաստ ենք գործել Սիրիայում իրանական ամրությունների դեմ»,- նշված է բանակի թվիթերյան էջի հաղորդագրության մեջ։

Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 3 մարդ, մեկը վիրավորվել է, պատճառվել է նյութական վնաս, հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ սիրիական ՀՕՊ միջոցներով հարձակման հետմղման հետեւանքով ոչնչացվել են իսրայելական մի քանի հրթիռներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լույս չորեքշաբթի գիշերը ՀՕՊ միջոցները հետ են մղել Դամասկոսի երկնքում Իսրայելի օդային հարձակումը։

Նախօրեին Իսրայելի բանակային մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իսրայելի եւ Սիրիայի միջեւ «Ալֆա» գծի շրջանում Գոլանի բարձունքների մերձակայքում վնասազերծվել են մի քանի ինքնաշեն ռումբեր։