Ավիացիայի դաշնային վարչակազմը մանրամասն կպատմի ծրագրային ապահովման թարմացումների եւ վերապատրաստման փոփոխությունների մասին, որոնք Boeing-ը պետք է անցկացնի` կոմերցիոն ավիացիայի պատմության մեջ ամենաերկար` 20-ամսյա արգելքից հետո թռիչքների վերսկսման համար, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ 2018-ին եւ 2019-ին 737 MAX ինքնաթիռների ողբերգական վթարի արդյունքում Ինդոնեզիայում եւ Եթովպիայում 346 մարդ էր զոհվել: Դա երկար հետաքննությունների եւ ընկերության ղեկավարների հեռացման էր հանգեցրել եւ մոտ 20 միլիարդ դոլար էր արժեցել Boeing-ին:
737 MAX ինքնաթիռները կվերսկսեն կոմերցիոն թռիչքներն այնպիսի հզոր մարտահրավերների ֆոնին, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը, նոր եվրոպական մաքսատուրքերը եւ անվստահություւնն ավիացիայում ամենավստահելի ապրանքանիշերից մեկի նկատմամբ:
Boeing-ի կողմից թռիչքների վերսկսման նախաշեմին ամերիկյան American Airlines ավիաընկերությունը նախատեսում է դեկտեմբերի 29-ին վերսկսել MAX մոդելի կոմերցիոն թռիչքները:
Ընդ որում, MAX մոդելի ինքնաթիռների աշխարհի խոշորագույն օպերատոր Southwest Airlines-ը չի նախատեսում ինքնաթիռներով թռիչքներ իրականացնել մինչեւ 2021-ի երկրորդ եռամսյակը:





























