ԱՄՆ առողջապահական համակարգի ներկայացուցիչները երեքշաբթի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել կիսվել կորոնավիրուսի տվյալներով ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ՝ խուսափելու պանդեմիայի դեմ պայքարում անիմաստ, մահացու վտանգավոր ձգձգումից, հաղորդում է Reuters-ը:

«Իրական ժամանակի ռեժիմով տվյալները եւ թերապեւտիկ միջոցների, թեստավորման համար նյութերի, անհատական պաշտպանության միջոցների, ԹԱՕ սարքերի, հիվանդանոցային մահճակալների մատակարարման, ինչպես նաեւ ազգային ակտիվների հետագա կիրառման մասին տեղեկությունը պետք է փոխանցվի իրական ժամանակի ռեժիմով անթիվ կյանքեր փրկելու համար»,-նշվում է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում, որը ստորագրել են Ամերիկյան բժշկական ասոցիացիան, Բուժքույրերի ասոցիացիան եւ Հիվանդանոցների ասոցիացիան:

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Բայդենի թիմի համանախագահ,բժիշկ Վիվկե Մերֆին հայտարարել է, որ ինքը եւ առողջապահական ոլորտի այլ խորհրդականներ չեն կարողացել պանդեմիայի հարցը քննարկել ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ:

Այս աշնանը կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի թվի կտրուկ աճն անդրադարձել է նույնիսկ գյուղատնտեսական շրջանների վրա, որոնց ամռանը հաջողվել էր խուսափել պանդեմիայից: Կառավարության ներկայացուցիչներն այս ամիս հայտարարել են հանրային առողջապահության ոլորտում մասշտաբային սահմանափակումներ մտցնելու մասին՝ հավաքների սահմանափակման խստացումից մինչեւ նոր պահանջներ՝ կապված հասարակական վայրերում դիմակ կրելու հետ:

Այդ կապակցությամբ ԱՄՆ գլխավոր վարակաբան, բժիշկ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրում ամենաարդյունավետը կլինի պանդեմիայի դեմ պայքարի միասնական մոտեցումը: