Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն Քիշնեւում ԵՄ մշտական պատվիրակության ղեկավար Փեթեր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացնելու ծրագրերի մասին:

«Սանդուն վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Մոլդովայի Հանրապետության համար որքան հնարավոր է շատ ռեսուրսներ ստանա ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի շրջանակում փոխգործակցության ակտիվացումից հետո»,-տեղեկացնում է Սանդուի «Գործողության եւ համերաշխության» կուսակցությունը:

Կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սանդուն հանդիպել է նաեւ Քիշնեւում ԱՄՆ դեսպան Դերեք Հոգանի հետ: Ավելի վաղ Սանդուն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ այս շաբաթ ծրագրում է հանդիպել ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովի հետ: Նա նշել է, որ շահագրգիռ է խորացնելու Մոսկվայի հետ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ կիրակի Մոլդովայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի ԿԸՀ-ի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ Սանդուն հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 57,7 տոկոսը, իսկ գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 42,2 տոկոսը: Մինչեւ նոյեմբերի 25-ը հանձնաժողովը պետք է ամփոփի ընտրությունների արդյունքներն ու դրանք ուղարկի ՍԴ-ում հաստատման համար: Եթե թեկնածուները վիճարկեն արդյունքները, ապա դատարանը պետք է սպասի դատական գործընթացների ավարտին: Դոդոնի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 23-ին, որից հետո նա կկատարի պետության ղեկավարի պարտականությունները մինչեւ նոր նախագահի երդմնակալությունը: